Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43.4 կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 35 PG 727 համարանիշի, Opel մակնիշի 11 AL 711 համարանիշի և Nissan մակնիշի 35 ՍG 023 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկանները և Հրազդանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել, և Nissan-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի Opel-ի վարորդին, այդ ժամանակ BMW-ն մեծ արագությամբ առաջ ընթանալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին։ Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ վիրավորների մեջ վրաերթի ենթարկվածներ լինեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

