«Դուռը բացեցի, մի խումբ մարդիկ ներս մտան։ Ասեցին, որ Նարեկը չկա։ Ես վռազ հասկացա, ասեցի՝ դուք սպանեցիք իմ երեխուն։ Կանգնած նայում էին իմ երեսին»։
Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։ Ընկերոջն անակնկալի է բերել թիկունքից՝ նրա վրա արձակելով 16 փամփուշտ։ Միակ տղա զավակի սպանության լուրը մոր գլխին պայթել է ինչպես կայծակի որոտ․
«Ես խելագարվել էի, վազում էի ստեղից ընդեղ, չէի հասկանում ինչ էի անում։ Կանգնած նայում էին ընձի, ասում էին կներեք, Նարեկը չկա, էդքան բան։ Մորը՝ կներեք Նարեկը չկա՞․․․»։
Սկզբում ընտանիքին՝ ոչ հորը, ոչ էլ մորը չեն տեղեկացրել, որ Նարեկը հայի ձեռքով է սպանվել։ Ոճրագործությունից հետո Կարենը սառնասրտորեն իջել է խրամաբջիջից, հենակետի անձնակազմին պատմել կատարվածը․ «Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա»։
Սպանված զինվորի հայրը՝ Մարզպետունին եղել է Եղնիկների դիրքերում, որդու արյունը դեռ գետնին թափված էր։ Հետքը ոչ մի կերպ չի անցնում։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը սպանության իր վարկածն է պատմել։ Իբր Նարեկն իրեն սպանող երիտասարդին հրահանգել է սուրճ դնել, Կարենը հրաժարվել է։ Իմանալով այդ մասին՝ Նարեկը նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել։ Վիրավորված համածառայակիցը հարմար պահի է սպասել, տեսնելով, որ Նարեկը դիրքում մենակ կանգնած դիտարկում է, թիկունքից փամփշտատուփը դատարկել է ընկերոջ վրա։
Մարզպետունին չի հավատում իրենց հրամցված վարկածին, Նարեկը բարի տղա էր, կյանքում որևէ մեկին չէր հայհոյի, չէր նվաստացնի: Ինքը ուրիշ վարկած է առաջ քաշում, որի համար հիմքեր ունի․
«Ես մտածում եմ էտի կամբատի արած բաներն ա։ Իմանալով, որ սպանության կատարող Կարեն Խաչատրյանը հենակետից Գումարտակի հրամանատարին տեղեկություններ է հայտնում, Նարեկ չի ցանկացել նրա հետ դիրք պահել։ Մի քանի անգամ Նարեկս հրամանատարներին խնդրել է Կարենի հետ պոստի չկանգնեցնել, բայց Գումարտակի հրամանատարը միտումնավոր հրահանգել ա Նարեկիս ու մարդասպանին իրար հետ պոստի կանգնեցնել»,- Forrights.am-ին պատմում է Մարզպետունի Ադիբեկյանը։ Բացառում է, որ որդին իրեն սպանողին ճնշած լիներ։
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալից ծնողները պատասխան են պահանջել՝ ինչու են անհավասարակշիռ զինծառայողին բանակ տարել, բարձրացրել դիրքեր․ «Զամպալիտն ասավ լիքը պապայի տղեք ազատվում են, չենք կարա տենցներին չտանենք։ Մենք չենք կարա զորամասի բոլոր զինվորներին հետևենք»։
Զորամասի հրամանատարի այս պատասխանն ամբողջովին բացահայտում է պետության անտարբեր վերաբերմունքը ոչ առողջ զինվորների և նրանց կյանքի նկատմամբ։ Գումարտակի հրամանատարը Նարեկի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը արտահայտվել է անգամ նրա մահից հետո։ Զորամասում ներքին օրենք կա, եթե զինվոր է մահանում, տվյալ ստորաբաժանումը շարային քայլքի ժամանակ չի երգում։ Այդպիսով հարգում են մահացածի հիշատակը։ Նարեկի մահից օրեր անց Գումարտակի հրամանատարը հրահանգել է ճաշարան գնալիս բարձր երգել, հակառակ դեպքում սպառնացել է պատժել ենթականերին։ Զինծառայողները շոկի մեջ են ընկել, զարմացած իրար երեսի նայել, ինչպե՞ս կարելի է ոտքի տակ տալ Նարեկի հիշատակը։ Ընդդիմացել ու չեն երգել։
Կարենը թույլ բնավորությամբ զինվորի համբավ ուներ, նաև՝ իր մաքրությանը չէր հետևում։ Նարեկը դա չէր հանդուրժում, հագուստ ու պարագաներ էր տալիս, որ իրեն կարգի բերի, մաքուր տեսք ունենա։ Ասում են՝ Նարեկին շատ է հարգել, նրա անունով էր երդվում։ Մարինեն ապշած է, ո՞նց եղավ, որ Նարեկի անունով երդվողը նրան սպանեց․
«Կարա՞ն ինձ պատասխանեն։ Եթե իմանամ ինչ-որ տեղ ինքը թերացել ա․․․ չէ, չէ, իրանից բարի մարդ չկար, վերջի շապիկը կհաներ կտար իրանից վատ ապրողին, խեղճին կօգներ։ Ստեղ են ասում՝ օձը տաքացնողին ա կծում։ Իրա շորը տվել ա, որ հագնի, իրա ճաշը տվել ա, որ ուտի։ Սուտ ա սա, սուտ ա իմ երեխու գլուխը կերան, էսի վերևներից ա, բայց ինչի՞ չգիտեմ»։
Շարունակությունը՝ Forrights.am-ում: