00:00:00

Աղմկահարույց միջադեպ Գորիսի համայնքապետարանում. քաղաքապետ Առուշանյանը ծեծե՞լ է ավագանու անդամին

23:48, 25 հոկտեմբեր 2018 Պատահարներ

ArmLur.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետարանի շենքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` միջադեպին ականատես են եղել ավագանու մոտ 13 անդամները: Գորիսի արտահերթ նիստն ու լեզվակռիվը Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել աղմկահարուց դեպքերով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Նախկինում մարզպետներն էին մարդկանց ծեծի ենթարկում, իսկ հիմա էլ քաղաքապետերն են գործի անցել: Եվ այսպես, հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, եւ ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է անում է, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ի վերջո վարչական շրջանը գտնվում է Գորիս համայնքի ենթակայության տակ: Այս հարցից բացի ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետ Առուշանյանին եւս մեկ կարեւոր հարց է ուղղում, որը կապված է լինում Գորիս համայնքի վաճառված հողերի հետ, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել եւ նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժանում է, որից հետո քաղաքապետ Առուշանյանը եւ ավագանու անդամը սկսում են լեզվակռվի բռնկվել: Բանը հասավ ծեծին Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, խոսակցությունը այնքան է թեժանում, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկում ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի հետեւանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում, ներկաները փորձում են հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան է զայրացած լինում, որ չի հանգստանում եւ հատակին ընկած Արզանյանին շարունակում է հարվածներ հասցնել: Ավագանու անդամներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` ավագանու անդամ Արզանյանը դեմքի շրջանում լուրջ վնասվածնքներ է ստանում, որից հետո ուշագնաց է լինում: Ականատես մոտ 13 ավագանու անդամները խառնվում են իրար, մի մասը փորձում է օգնել ավագանու անդամ Արզանյանին, իսկ մի մասն էլ հանգստացնել քաղաքապետին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ծեծի ենթարկվելուց հետո Լեւոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով .«Պատսան ես եղել, պատսան էլ կմնաս», իսկ ահա քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստը եւ ներկաներին հորդորում է կատարվածը պահել որպես իրենց ներքին հարցը եւ այդ մասին պահպանել լռություն: ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետ Առուշ առուշանյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել, եթե ավագանու անդամները ներկա են եղել, զանգահարեք իրենց հարցրեք, ավագանու նիստն անցել է բնականոն: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր