Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:
Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում