Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Աշոցք գյուղի վարչական տարածքում բախվել են Kia մակնիշի 30 ՏՏ 904 համարանիշի և ԳԱԶ-5312 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com -ի փոխանցմամբ, բախման հետևանքով ԳԱԶ-ը կողաշրջվել է, իսկ ուղևորն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցք բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարազդատ Աբաջյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Սիսակ Մկրտչյանի գլխավորությամբ, մինչև դեպքի վայր կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Kia-ն հաշվառված է Աշոցքի բնակիչ, 32-ամյա Գաբրիել Պետրոսյանի անվամբ, իսկ ԳԱԶ-ը՝ «Իգիթ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: