Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: