00:00:00

Չի բացառվում, որ ամեն մի շենք կունենա իր հակաբիոտիկ վաճառողը. Ա. Ղարիբյան

00:42, 08 մարտ 2018

ՀՀ կառավարությունը երեկ նիստի ժամանակ որոշում ընդունեց բաց թողնվող դեղերի հստակ ժամանակացույց սահմանել: Սա նշանակում է, որ գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ: Թե ինչ խնդիրների կարող է սա հանգեցնել, ինչ է տալու այս փոփոխությունը, այս և այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը զրուցել է բժիշկ Անդրանիկ Ղարիբյանի (Անդրոնիս) հետ: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել կառավարության այս որոշումը՝ դեղերը դեղատոմսերով տրամադրելու հետ կապված: Նախ ասեմ որ, դեղերի՝ դեղատոմսով դուրս գրումը բավականին նորմալ երևույթ է, և եվրոպական գրեթե բոլոր երկրներում, հակաբիոտիկները և դեղերը, որոնց վրա գրված է դուրս թողնել միայն բժշկի նշանակմամբ,  դեղատներից գնվում են միայն դեղատոմսի առկայության պարագայում։ Սակայն, մեր երկրում այդ գործընթացը սկսվեց բավականին մեծ բացթողումներով և թերություններով, կարելի է ասել, որ ոչ առողջապահական համակարգը, ոչ էլ հիվանդները պատրաստ չէին այս գործընթացին։  Օրենքը մարտի 1-ից  պետք է ուժի մեջ մտներ, սակայն մարտի 1-ի դրությամբ շատ բժիշկներ նույնիսկ չէին տեսել  դեղատոմսի ձևը, և կատարյալ քաոս էր տիրում կլինիկաներում, էլ չասեմ հիվանդների շրջանում առկա խառնաշփոթը, որը բերեց մի վիճակի երբ դեղատներից 1 շաբաթվա ընթացքում սրբվեցին բոլոր հակաբիոտիկները և հորմոնալ դեղորայքը։ Կային որոշ դեղատներ, որոնք օրական վաճառում էին  60,000 դրամի դեղ, իսկ այդ օրերին նրանց վաճառքը գերազանցում էր միլիոնը։ Պետք է նշեմ, որ այդ ամենի «մեղավորը» հենց նախարարությունն էր, քանի որ տեղի էր ունեցել ոչ պատշաճ իրազեկում։  Ոչ բժիշկները գիտեին, թե ինչ է սպասվում իրենց, ոչ էլ պացիենտները։  Առավել վիրավորական էր նախարարության մի քանի աշխատակիցների պահվածքը, որոնք ասում էին, թե դեղատոմսերը օգուտ կտան քաղաքացիներին, քանի որ բժիշկները այլևս չեն կարող «ատկատների» մեխանիզմով դեղորայք վաճառել հիվանդների վրա։ Փաստորեն, ստացվում էր, որ նրանք կասկածում էին իրենց  կողմից լիցենզավորված բժիշկներին և փորձում էին լրացուցիչ վերահսկողություն սահմանել։ Բայց ուզում եմ ասել, որ բժիշկն է պատասխանատու հիվանդի բուժման համար, և նա չի կարող, այսպես ասած, անօգուտ դեղեր նշանակել հիվանդին՝ ինչ-որ գումարներ վերցնելու ակնկալիքով։ Իսկ նոր որոշումը՝ այս գործընթացն իրականացնել փուլ առ փուլ, ինչի՞ կհանգեցնի: Փուլ առ փուլի հետ կապված՝ կարող եմ ասել, որ դա արվում է՝ խառնաշփոթը փոքր-ինչ մեղմացնելու համար, քանի որ նրանք էլ հասկացան, որ ունենալ օրենք առանց ոչ մի նախապատրաստական աշխատանքների ուղղակի անհնար է։  Կան հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս ոչ մեկը չգիտի. օրինակ՝ ով կտա դեղատոմս այն հիվանդին, ում ինքնազգացողությունը վատացել է շաբաթ երեկո, քանի որ շտապ օգնության աշխատակիցներն  էլ  չունեն դեղատոմս դուրս գրելու իրավունք, կամ մասնավոր բուժ․ հաստատություններում դեղատոմս դուրս գրելը վճարո՞վի է, թե՞ անվճար, կամ ի՞նչ պետք է անի այն մարզից եկող հիվանդը, ով կորցրել է դեղատոմսը, հետ գնա՞ Շիրակի մարզից Երևան՝ դեղատոմսի օրինակը վերցնելու համար, և շատ ու շատ անպատասխան հարցեր։ Նկատենք, որ մինչ այդ բազմաթիվ անուն դեղեր մարտի 1-ից էին դուրս գրվում դեղատոմսով: Սա առաջացրեց լուրջ խնդիր: Արդյոք Առողջապահության նախարարությունը հնարավոր խնդիրները հաշվի չէ՞ր առել: Այո, դեղատոմսով դեղերի դուրս գրումը առաջացրեց լուրջ խնդիրներ, քանի որ վարչապետն էլ ասաց, որ կան տվյալներ, որ դեղատոմսերը գրվում են հենց դեղատների դիմաց։  Դեղատան աշխատակիցները շատ դեպքերում էլ չգիտեին՝ վաճառեին, թե ոչ, քանի որ դեղատոմսերը երբեմն թերի էին լրացվում, և որոշ բուժ. հաստատություններ նույնիսկ դեղատոմս չունեին։ Չեմ կարծում, որ Առողջապահության նախարարությունը չէր հաշվարկել հնարավոր ռիսկերը, բայց մենք հաճախ ենք ունենում մեր երկրում օրենքներ, որոնք որ մշակված չեն և բավականին թերի են իրականացվում։ Գործընթացի դրական և բացասական կողմերը, որպես բժիշկ- մասնագետ, Ձեր գնահատմամբ որո՞նք են։ Դրական կողմերը նրանք են, որ, իհարկե, շատ դեղորայքներ պետք է չլինեն ազատ վաճառքում, քանի որ երբեմն դեղերը օգտագործում են ոչ ճիշտ նպատակի համար։ Օրինակ՝ գրիպի վիրուսի ժամանակ օգտագործում են հակաբիոտիկներ, որոնք որ անօգուտ են և կարող են վնասել օրգանիզմն՝ առաջացնելով հակաբիոտիկ կայունություն շատ բակտերիաների նկատմամբ, կամ օրինակ հաճախ տեսնում ենք, որ ցանկացած դեղատնից կարող են գնել հոգեմետ դեղեր առանց բժշկի նշանակման, որը նույնպես կարող է բերել առողջության անդառնալի կորստի։ Բացասական կողմերի մասին արդեն ասեացի, լրացուցիչ դժվարություններն են, պոլիկլինիկաներում անվերջ ձգվող հերթերը, հիվանդների և բժիշկների ինֆորմացիոն պակասը։ Դեղերը դեղատոմսով տրամադրելու գործընթացը պարունակո՞ւմ է արդյոք կոռուպցիոն ռիսկեր: Ի դեպ այդ մասին ակնարկեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Դեղատոմսով դուրս գրումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ չի բացառվում, որ շուտով կհայտնվեն դեղատներ, որոնք կվաճառեն դեղերը, այսպես ասած «տակից»՝ առանց դեղատոմս, կամ կավելանան կեղծ դեղերը, էլ չասեմ, որ մարդիկ կան՝ 100 տուփ հակաբիոտիկներ են գնել, չի բացառվում, որ ամեն մի շենք կունենա իր հակաբիոտիկ վաճառողը, կամ դեղորայքը կգա երկիր հարևան երկրներից։ Ավելի անհասկանալի էր այն որոշումը, որ բժիշկը պետք է գրի դեղորայքի միայն քիմիական անվանումը, քանի որ բոլորս էլ գիտենք, որ նույն քիմիական անվան տակ կան դեղեր, որոնք որակապես հսկայական տարբերվում են, օրինակ նույն ցեֆտրիաքսիոնը առկա է ավստրիական, վրացական, իտալական, ուկրաինական, կորեական բրենդների տարբերակով, որոնք որակապես բավականին տարբերվում են, և դա գիտեն գրեթե բոլոր բժիկները։ Կոռուպցիոն ավելի մեծ ռիսկեր կավելանան դեղատներում, քանի որ դեղատան աշխատողը կառաջարկի այն դեղերը, որոնք որ ներկրում է տվյալ դեղատնային ցանցը։ Իսկ այս պարագայում, կարծում եմ, որ բժշկի որոշումը շատ ավելի կարևոր է, քանի որ հիվանդի չբուժվելու պարագայում պատասխանատվությունը մնում է բժշկի ուսերին, այլ ոչ թե դեղ ներկրողի։ Եվ Առողջապահության նախարարի գործունեությունն առհասարակ ինչպե՞ս կգնահատեք։ Այս հարցին պատասխանելը ճիշտ չի լինի,  քանի որ օրենքները ընդունում է համակարգը, այլ  ոչ թե անհատներն են ընդունում։  Կարծում եմ՝ բժիշկները վատ տրամադրված չեն նախարարի հանդեպ, քանի որ գիտեն՝ շատ բանիմաց  մասնագետ է։  Բայց օրենքների հետ կապված՝ մենք տեսնում են գնահատականը բժիշկների և հանրության կողմից, որը, ըստ ի, այնքան էլ դրական չէ ։   Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր