Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 40-ամյա Սամվել Եսայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի 35 ՕC 924 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ЗИЛ մակնիծի 42 ԼՕ 795 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Ս. Եսայանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Չարենցավանի հիվանդանոցից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Եսայանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մ. Բադոյանի կողմից նախապատրաստվոած նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
