Արմեն Թավադյանը։
«Արարատ» հեռուստաընկերության նոր բաժնետերը այլ բիզնեսներում ևս ներգրավված է։ Արմեն Թավադյանը 75 տոկոսանոց բաժնետեր է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը համարվում է «Արդշինբանկի» «Նուռ քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը։ «Նուռ քարտը» համարվում է «Ալիս Ջուելրի» ընկերության ապրանքանիշը։ «Ալիս Ջուելրի» ընկերությունը Հայաստանի հարկային համակարգում նշված է որպես գովազդային գործունեություն ծավալող ընկերություն։
«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնետերը՝ 19 տոկոս բաժնեմասով, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն է, որը «Արդշինբանկի» խոշորագույն բաժնետերն է՝ 96 տոկոս բաժնեմասով։
«Ալիս Ջուելրի»-ի մյուս բաժնեմասը՝ 6 տոկոսը, պատկանում է օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված «Աջանթա Ասսեթս» կորպորացիային։ Այս ընկերության մասին ժամանակին գրել էր «Հետքը»։ «Հետքը» պարզել էր, որ «Արդշինբանկը» 9,1 միլիոն դոլարի վարկային միջոցներ էր տրամադրել «Գրիգ էլ մետ» ընկերությանը, որի բաժնետերերից է եղել Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դանիելյանը այն ժամանակ «Արդշինբանկի» խորհրդի անդամ էր, ու ստացվել էր, որ լինելով բանկի խորհրդի անդամ՝ վարկ էր տրամադրել իր ընկերությանը, որը հետագայում սնանկացել էր [կամ տարվել էր կանխամտածված սնանկության]. և տարածքն անցել էր «Արդշինբանկին»։ Ավելի ուշ «Գրիգ էլ մետ» ընկերության բաժնետեր էր դարձել օֆշորային «Աջանթա Ասսեթս» կորպորացիան։
Արմեն Թավադյանը հիմնադիր և բաժնետեր է «Բեստ քարդ» ՍՊԸ-ում։ Ինչպես «Ալիս Ջուելրի»-ն է «Նուռ քարտ» ծրագիրն իրականացնում, այնպես էլ «Բեստ քարդ» ընկերությունը «Ամերիկաբանկի» հետ իրականացնում է հետվճարային Ayo ծրագիրը։
«Արարատ» հեռուստաընկերության նոր բաժնետերը բաժնետոմսեր ունի նաև ռուսական ընկերություններում։ Ռուսական ընկերությունների մասին տեղեկատվություն տվող տարբեր կայքերում նշվում է, որ Արմեն Թավադյանը 45 տոկոս մասնաբաժին ունի Մոսկվայում գործող «Նակոպիտելնիե Տեխնոլոգիի» (Накопительныe Технологии) ընկերությունում, որը զբաղվում է բիզնեսին օժանդակ ծառայություններ մատուցելով, ևս 67,5 տոկոս բաժնեմաս՝ «Նարոդնայա Կարտա» (Народная Карта) լուսանկարչական ընկերությունում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում