00:00:00

ՃՈ-ն չի ժխտում՝ մարզերում կա շրջանաձեւ երթեւեկության խնդիր

22:10, 26 հուլիս 2018

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը չի ժխտում՝ մարզերում կա շրջանաձեւ երթեւեկության խնդիր։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այո՛, մարզերում շրջանաձեւ երթեւեկության խնդիր կա, ուստի իրենք առաջարկել են համապատասխան գերատեսչությանը, որ կարճ ժամանակում ինչպես միջպետական եւ հանրապետական, այնպես էլ տեղական նշանակության ճանապարհներին այդ խնդիրները վերացնի։ Այսինքն՝ բերենք, մեկ միասնական համակարգ սարքենք, որ մեր երկրում տրանսպորտային միջոց վարող վարորդը եւ զբոսաշրջիկը շփոթության մեջ չընկնեն»,- նշեց գնդապետը։ Նա հիշեցրեց, որ ՃՈ-ն ճանապարհային նշանների տեղադրումը եւ գծանշանում կատարում է միայն Երեւան քաղաքում, իսկ մարզերում՝ միջպետական եւ հանրապետական ճանապարհներին՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարարությունը: Տեղական ճանապարհներին գծանշումներ, ճանապարհային նշանների տեղադրումը եւ այլ կահավորումներ էլ իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Անդրադառնալով ճանապարհային գծանշումների չերեւալուն՝ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ Երեւանում ճանապարհային ոստիկանությունը մոտ մեկ ամիս է՝ սկսել է ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաեւ գծանշումներ է կատարում. «Մեր հապաղումների մի մասը պայմանավորված է նրանով, որ Երեւան քաղաքում դեռեւս կան փողոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն՝ ասֆալտապատման, փոսալցման եւ այլն, ուստի ՃՈ-ն Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատում է, այդ աշխատանքների ավարտից հետո ՃՈ-ն սկսում է գծանշումները»։ Ճանապարհային ոստիկանության պետը հավելեց նաեւ, որ 2017 թվականի նոյեմբերից ՃՈ-ն որդեգրել է նոր աշխատելաոճ. «Ճանապարհային նշանները տեղափոխվել է աջ երթեւեկելի մասի կողմ՝ բարձրացնելով երթեւեկելի գոտու վերեւում, որ վարորդների համար ավելի տեսանելի լինի, ինչպես նաեւ եթե կան հատվածներ, որտեղ ճանապարհային նշանները չեն երեւում, ՃՈ-ն ցանկ է տալիս Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի աշխատանքներ տարվեն. եթե ծառերի հետեւում են գտնվում, էտման աշխատանքներ կատարվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր