00:00:00

«Սեպտեմբերի 11-ի պես էր։ Երկնաքերերից նետվող մարդիկ աչքիս առաջ եկան»․ Հունաստանում անտառային հրդեհի ականատեսները պատմել են չարաբաստիկ գիշերվա մասին

02:24, 26 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 23-ին Հունաստանում բռնկված անտառային հրդեհների ականատեսները Greek Reporter-ի հետ զրույցում պատմել են սարսափելի գիշերվա մասին։ Աղետի ականատեսներից Մարիա Պացիուն այդ օրը համեմատել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ՝ հիշելով, թե ինչպես է տեսել 13 տարեկան աղջկա՝ կրակից փրկվելու համար ժայռից նետվելն ու տեղում մահանալը։ «Սեպտեմբերի 11-ի պես էր։ Երկնաքերերից նետվող մարդիկ աչքիս առաջ եկան», - պատմում է հունաստանցի կինը։ Reuters գործակալության հետ զրույցած Կոստաս Լագանոսը ծովի մեջ նետվելով հրդեհից փրկվածներից մեկն է։ «Կրակը մեզ քշեց մինչև ծով, մեր մեջքն այրվում էր, ընկղմվեցինք ջրի մեջ», - հիշում է տղամարդը։ Աթենքի մոտակայքի Մաթի գյուղից Ջորջ Վոքոսն էլ իրեն հաջողակ է համարում, թեև կորցրել է տունն ու մեքենաները․ «Աստծուն շնորհակալ եմ, որ ընտանիքս ապահով վայրում է։ Ապահովության համար փախանք դեպի ծով։ Երկու մեքենաս այրվեցին, դրանք կորցրի։ Սակայն երկու կին մահացան հենց իմ ձեռքերում», - պատմում է Վոքոսը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանում անտառային հրդեհների պատճառով զոհվածների թիվը հասել է 81-ի, հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա: Հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր