Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը այսօր մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել եւ նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ նրա հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:
ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն այսպես ասած սպասել էր մինչեւ նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Սույն գործը վերաբացելուց եւ ըստ էության քննելուց հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փոխվել է. մինչ հեղափոխությունը քննչական խմբի ղեկավարը արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանն էր: Մեր հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ դուք այլեւս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը չեք, Հակոբյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Կխնդրեի նմանատիպ հարցերով կապնվեիք ծառայության մամուլի խոսնակի հետ եւ պարզաբանումներ ստանաք նրանից»: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ մեր հարցին այս փուլում պատասխանել չցանկացավ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, մեր զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը եւ ով է Քոչարյանին հարցաքննելու:
Նշենք, որ հուլիսի վերջին հարցաքննության ներկայանալու խոստում տվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Մեր զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը, սակայն, չասաց՝ Խաչատուրովն արդեն հարցաքննվե՞լ է, թե ոչ, փոխարենը նա խոստացավ այդ մասին տեղեկություն փոխանցել ավելի ուշ:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն, այսօր մեր զրույցում ասաց, որ վաղն ինքը նույնպես կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:
-Պարոն Քլոյան, վաղը սպասվում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հարցաքննությունից:
- Քննությունը ցույց կտա, ես ոչինչ չեմ կարող ասել, իրավաբան ու մասնագետ չեմ, բայց իմ կարծիքով՝ պետք է նրան մեղադրանք առաջադրվի: Անպայման նա վկայի կարգավիճակից պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա, դա իմ կարծիքն է եւ ճիշտ կլինի այդպես, որովհետեւ ինքը մարդասպան է, ուրիշ ոչինչ:
- Այս գործը վերաբացելուց հետո ձեզ այս գործով հարցաքննե՞լ են:
- Ոչ, չեն կանչել, եթե կանչեն էլ, մենք մեր փաստաբանին կուղարկենք, այլ ոչ թե մենք կգնանք, ճիշտն այդպես է: Բացի դրանից կարիք էլ չկա մեզ հարցաքննելու, ինչի՞ համար, մենք ամեն ինչը ասել ենք, ես մարդասպանների անունները տվել եմ, հրաման տվողների անունները տվել եմ, երեք անգամ գրել եմ, գրավոր էլ, ասելու ոչինչ չունեմ եթե կանչեն էլ, միայն անհամբեր սպասում եմ Քոչարյանի ձերբակալությանը:
- Դուք տեղյա՞կ եք՝ քննչական խմբի ղեկավարն ո՞վ է հիմա:
- Ինչ-ոչ ասացին փոխվել է, մեզ բայց դեռ ոչինչ չեն ասել:
- Պարոն Քլոյան, իսկ Սերժ Սարգսյանի մասով պնդելո՞ւ եք, որպեսզի նա եւս հարցաքննվի քրեական գործով:
- Իհարկե, որովհետեւ Սերժ Սարգսյանը 10 տարի չի թույլատրել, որ բացահայտեն Մարտի 1-ը, մեղավորներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է, բացի նրանից շատ շատերն էլ են մեղավոր՝ բարձրաստիճան գեներալներ, դատախազներ՝ Աղվան Հովսեփյան, Ներքին զորքերի հրամանատար, Ազգային ժողովի նախագահ, ոստիկանապետ, բոլորը պետք պատասխանատվության ենթարկվեն:
Մանրամասները՝ armtimes.com-ում