Էջմիածնում այսօրվանից մեկ ամսով դադարեցվել է մանկապարտեզների աշխատանքը, սակայն աշխատակիցները կստանան իրենց հասանելիք աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
«Չնայած տարածվող լուրերին, ոչ թե աշխատակիցներին պարտադրվել է հարկադիր կերպով հերթական տարեկան վճարովի արձակուրդը վերցնել, այլ ինչպես օրենքն է պահանջում նման դեպքերում, հարկադիր պարապուրդ է ձեւակերպվել։ Հարկադիր պարապուրդի դեպքում աշխատակիցները օրերի քանակով վճարվում են։ Իսկ հերթական արձակուրդ իրենց տրվելու է»,-ասաց Գասպարյանն ու հավելեց. «Ընդ որում՝ ձմեռային ամիսներին հարկադիր արձակուրդի են ուղարկվել աշխատակիցները, այս տարի նման տրամադրվածություն չկա, ձմեռը աշխատելու են, պարզապես եղանակային պայմանների՝ շոգի պատճառով մենք աշխատակիցների և ծնողների խնդրանքին ընդառաջ գնալով այս որոշումը կայացրել ենք»:
Քաղաքապետի պաշտոնակատարը նշեց, որ հիմա դիտարկում են մանկապարտեզներում նաև հնարավոր պայմանների բարելավման հնարավորությունները, գնահատումներ են իրականացնում. «Չնայած աղմուկին՝ ծնողների մեծամասնությունը կողմ է եղել այդ նախաձեռնությանը։ Մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում ենք կայացրել այդ որոշումը»:
Հարցին, թե այս մեկ ամսվա համար մանկապարտեզների գործունեության համար տրամադրվող գումարներն ինչի վրա են ծախսվելու, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Էջմիածնում ծնողները 7 հազարական դրամ վճարում են ամսական, հուլիսի համար վճարել են, հուլիսի 25–ից օգոստոսի 20-ը դադարեցվել է աշխատանքը: Հիմա ծնողները ազատվելու են օգոստոսի վարձից»:
Ինչ վերաբերում է համայնքի բյուջեից հատկացվող գումարներին, ապա այդ գումարները ծախսվելու են բացառապես մանկապարտեզների հետագա գործունեության համար։