Հուլիսի 24-ին Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին եւ Չեն Ուեի Քինին: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը եւ առեւտրի ու ներդրումների կառավարիչ Գայանե Մարտիրոսյանը:
Կողմերը քննարկել են զբոսաշրջության խթանմամբ ուղեւորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները՝ այս համատեքստում կարեւորելով զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:
Քննարկվել է նաեւ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի եւ կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր: Խոսել են չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետը ներկայացրել հայ-չինական գործընկերային հարաբերությունների բնույթը, երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով ստեղծված առեւտրաշրջանառության խթանման հնարավորությունները, խոստացել Չինաստան այցելելու դեպքում առավել մարամասն անդրադառնալ համագործակցության խթանման խնդիրներին: