00:00:00

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը

21:34, 25 հուլիս 2018

Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ եւ հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Երեւանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։ Այնուհետեւ պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու եւ հույս հայտնել, որ իր առաջարկ-խնդրանքը դրական արձագանք կստանա։ ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։ Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։ «Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել եւ իր ձայնը չբարձրացնել։ Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։ Այս նպատակով Տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան եւ Արցախ ու կոչը հնչեցնել նաեւ այնտեղից։ Նա խնդրել է նաեւ, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարեւորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։ Հանդիպման մասնակիցները հուզմունքով եւ ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին եւ միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում եւ աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։ Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ՌԴ սենատոր, Դաշնայի Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա Կովիտիդին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը, Ռուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա Ֆոմինան, ՌԴ նախագահին կից «РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ եւ բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանը, լրագրող Կիրա Ալտմանը, ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Дождь» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան եւ այլք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր