00:00:00

ՀՀ-ի եւ Արցախի տնտեսական գերատեսչությունները նախանշում են համագործակցության նոր միտումները

02:28, 25 հուլիս 2018

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համատեղ աշխատելու պատրաստակամության համար. «Այսօրվա հանդիպմանը կնախանշվեն այն խնդիրները, որոնք առկա են երկու նախարարությունների համագործակցության տիրույթում, ինչպես նաև կկազմվի հետագա աշխատանքների պլան, որը պետք է լինի թեմատիկ քննարկումների շրջանակներում` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և գործարար աշխարհի ներկայացուցիչներին»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը հայտնել է. «Այստեղ կա շատ լուրջ համագործակցության հնարավորություն և մեխանիզմ, որը պետք է փորձենք երկու գերատեսչություններով արդյունավետ իրացնել: Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտները որևէ խնդրի առաջ չպիտի կանգնեն, ավելին՝ պիտի ավելի լավ վիճակում լինեն, քան Հայաստանում գործող կազմակերպությունները: Դա պետք է մեզ ոչ միայն Արցախում ստեղծված բարիքը առավել արդյունավետ միջազգային շուկաներում իրացնելու համար, այլ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում մայրաքաղաք Երևանից դուրս տնտեսական ակտիվության խրախուսման ու քաջալերման համար»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի համատեղ աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է երկու նախարարությունների համագործակցության տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակում և արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացում: Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատվիրակությունը հանդիպումների շարքը հուլիսի 24-ին շարունակել է աշխատանքային մի շարք քննարկումներով: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ՀՀ ՏԶՆՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ներկայացրել հայաստանյան փորձը: Քննարկումների առանցքում եղել են ազգային և միջազգային տեխնիկական կանոնակարգերի Հայաստանում կիրառման պրակտիկան, չափագիտության ոլորտում (ԱԳԼՃԿ-ներում չափման միջոցների, էլեկտրաէներգիայի և գազի հաշվիչների, ավտոկշեռքների ստուգաչափում) Արցախում առկա խնդիրները, գործարար միջավայրի բարելավման գործընթացը, մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցերը: Անդրադարձ է եղել Արցախում արտադրվող ապրանքների արտահանման խթանման հարցերին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր