00:00:00

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցը հագեցած է եղել հանդիպումներով

17:31, 24 հուլիս 2018

Աշխատանքային այցով Ամստերդամում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ նախարարական երկխոսության ժամանակ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:
Թորոսյանը կարևորել է երկխոսության անցկացումն այնպիսի իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ, այնինչ, ըստ նախարարի, Հայաստանում այս տեսանկյունից իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ՀՀ կառավարության ստանձնած  պարտավորությունները հիմնովին փոխել են կոնցեպտուալ մոտեցումները, ինչը հնարավորություն է տվել հասնելու Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման՝ որպես հանրային առողջապական խնդրի վերացմանը: Օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ` վարակին հակազդման ֆինանսավորումը նույնպես աճել է՝ թույլ տալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններում հղիների ընդգրկվածությունը հասցնել գրեթե 100%-ի»,-իր ելույթում ընդգծել է Արսեն Թորոսյանը:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ ստանձնած պարտավորություններին՝ ներառյալ 90-90-90 թիրախներին հասնելու իր որդեգրած քաղաքականությանը: Երկրում ներդրվել են ՄԻԱՎ վարակի հետազոտության և բուժման ուղեցույցներ, իրագործվում է «բուժել բոլորին» ռազմավարությունը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային ղեղերի գնման միջազգային մեխանիզմներ:
Տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ ևս ներկայացրել են իրենց երկրների հաջողություններն ու խնդիրները, հստակեցվել են ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների պլանով նախատեսված հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև հանդիպել Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովում՝ քննարկելու կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր տարածաշրջանի երկրների ջանքերը։  Ժուժաննա Յակաբը ուրախությամբ ընդունել է նաև նախարար Թորոսյանի` Հայաստան այցելելու հրավերը:
Ամստերդամ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է կայացել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) Նիդերլանդների ներկայացուցիչների հետ` քննարկելու նրանց հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին:
«Կարող եմ փաստել, որ Սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր