00:00:00

Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Բաքվին

20:56, 23 հուլիս 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ «հայկական կողմը կարող է չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»: «Առանձնակի մտահոգության առիթ է Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ նախկինում հարաբերական անդորր էր: Ցանկացած ռազմական սադրանք այս հատվածում հղի է մեծ ճգնաժամով, որից անմասը չեն մնա այլ տարածաշրջանային դերակատարները», - mediamax.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը EADaily-ին տված հարցազրույցում: «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինեն նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը», - ասել է Դավիթ Տոնոյանը:   «Ադրբեջանին թույլ չենք տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամկետը եւ ծավալը որոշելու մենաշնորհային իրավունքը», - ընդգծել է նախարարը:   Դավիթ Տոնոյանը նաեւ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ժամանակակից սպառազինությունների ձեռք բերման հարցը՝ ասելով, որ «ցանկացած սպառազինությանը հակազդելու միջոցներ կան, եւ հայկական կողմը ձեռքերը ծալած նստած չէ»:   «Մեզ անհանգստացնում են այդ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները: Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետությունները սպառազինություններ են վաճառում երկրին, որը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն մեր պետության առանձին հատվածների, այլեւ մայրաքաղաքի հանդեպ: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական որոշ սպառազինությունների վաճառքից: Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք նախ խախտել կողմերի միջեւ գոյություն ունեցող ռազմական բալանսը, իսկ հետո փորձել վերականգնվել այն», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր