Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների միջև տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել: «Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ էր բոլոր կողմերի համար:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ռադիոիզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում, որտեղ ծանոթացել է իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներին և երիտասարդ գիտական աշխատողների ստեղծած ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։ Արագացուցչային կենտրոնում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են արագացուցչի 60-ամյա պատմությունը և ներկայիս հնարավորությունները: ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող Միջուկային բժշկության կենտրոնում նախարարը ծանոթացել է լաբորատորիայի ֆիզիկոսների հետազոտությունների ծրագրին: