00:00:00

Արծվիկ Մինասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

22:45, 04 հուլիս 2018

Հարկային խնդիրները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական հարցերի վարչության հարկային քաղաքականության բաժնի ավագ տնտեսագետ Մարտին Գրոտի հետ հանդիպմանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանն ԱՄՀ պատվիրակությանն ասել է, որ չափազանց կարեւորում է կառույցի հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Նա տեղեկացրել է, որ հարկային խնդիրները գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում եւ ընդգծել, որ նախարարությունը պատասխանատվություն է կրում բարենպաստ գործարար միջավայրի ապահովման համար։ Նախարարն ասել է, որ չնայած Հարկային նոր օրենսգիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է, սակայն շատ խնդիրներ բաց են մնացել եւ կարիք կա այն վերանայելու, ինչը նաեւ ՓՄՁ սուբյեկտների տեսակետն է: Նա հավելել է, որ ՓՄՁ-ների խնդիրը ներկայում չափազանց սուր է դրված եւ ներկայացրել է հարցերի մի խումբ, որոնք սերտորեն առնչվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործունեությանը։ Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, անդրադարձել է հանրային սննդի, հանգստի եւ գինեգործության ոլորտների խնդիրներին, նաեւ շեշտել, որ Հայաստանում, տարածաշրջանի երկրների համեմատությամբ, հարկատեսակները շատ են: Նա նաեւ արձանագրել է, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տրամաբանական ու հաշվի առնի բիզնեսի բոլոր շերտերի առանձնահատկությունները: Արծվիկ Մինասյանը հույս է հայտնել, որ ներկայացված խնդիրների առնչությամբ ԱՄՀ կողմից կլինի ամբողջական աջակցություն եւ կտրվեն հետաքրքիր առաջարկներ։ Մարտին Գրոտը նույնպես ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարեւորությունը։ Նա նշել է, որ իրենք կհամագործակցեն նաեւ այլ շահագրգիռ մարմինների հետ՝ ամբողջությամբ հասկանալու խնդիրները եւ պատրաստակամություն է հայտնել օգնել «տպավորիչ, պատասխանատու եւ կայուն քաղաքականություն մշակելուն»: Անդրադառնալով մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ գույքահարկի համակարգի ներդրման անհրաժեշտությանը, Մարտին Գրոտը որպես հաջողության գրավական կարեւորել է հարկային քաղաքականության կայունությունը, նաեւ առաջարկել տնտեսական քաղաքականության վերանայումը իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր