00:00:00

Սա ուղղակի ցեղասպանություն է. Երեւանից մեկնած ավտոերթը հասել է Ամուլսար

20:49, 01 հուլիս 2018

Ամուլսարի հանքի ճանապարհները փակած վայոցձորցիները վճռական են տրամադրված. նրանք բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ հանքը վերջնականապես փակվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին հայտարարեց Ամուլսարի հանքի ճանապարհը փակած ցուցարարներից մեկը: «Սա ուղղակի ցեղասպանություն է, անգլիացին թող գնա Անգլիայում հանք բացի: Էս ծանր մետաղները, որ լցվելու է Արփա գետը, գնա հասնի Սեւանա  լիճ, այնտեղից էլ՝ ամբողջ Արարտյան դաշտ գնա, ցեղասպանություն է: Ես դրա դեմ եմ պայքարում, ով ցանկանում է, թող գա, միանա մեզ»,- ասաց ցուցարարը: Ակտիվիստներից մեկն էլ նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն միայն խոստումներ է տալիս, որ անվտանգ կդարձնեն հանքի շահագործումը, սակայն չի կատարում դրանք: «Էստեղ մարդկանց գործողությունները լեգիտիմ են, իրենց իրավունքների պաշտպանությանն են ուղղված եւ պետք է շարունակվեն: Այս մաիդիկ պաշտպանում են կյանքի իրենց իրավունքը»,- ասաց ակտիվիստը՝ տեղեկացնելով, որ երեկոյան Ջերմուկում հանրային քննարկում է լինելու Ամուլսարի թեմայով: Նշենք, որ այսօր առավոտյան Երեւանից մեկնած ավտոերթը հասել է Ամուլսարի հանքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներին: Վայոցձորցիներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվելու՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր