00:00:00

Բաղրամյան 26-ի հետ լիազորություններն էլ կտրվի՞ նախագահին. փոփոխության մասին խոսք չկա

00:10, 30 հունիս 2018

Հունիսի 28-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց հայտարարություն, որն առաջին հայացքից խոսում էր այն մասին, թե սկսվում է սուպերվարչապետական համակարգի «խարխլման» գործընթացը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Բաղրամյան 26-ի նստավայրը վերադարձվելու է ՀՀ նախագահին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ առնվազն տարօրինակ է, երբ  վարչապետը երկու շենքում է տեղակայվում: Նա նաեւ ընդգծեց, որ չի մոռացել իր նախկին քննադատությունները, երբ հանդես է եկել ընդդիմության ճամբարից: «Կարծիքներ են հնչում, թե հայտնվել են կառավարությունում եւ մոռանում են, թե ինչն են քննադատել ժամանակին: Այն՝ ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք եւ կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել, այլ՝ ինստիտուցիոնալ»,- ասաց նա: Վարչապետի փոխանցմամբ՝ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնեն նախագահի աշխատակազմին: Սակայն, որեւէ հստակ ժամանակահատված չնշվեց: Նա շեշտեց, որ ներկայում արարողակարգային խնդիր կա լուծելու: «Օրակարգային պարտականություններ կան եւ քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրել, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու»,-մասնավորապես ասաց նա: Փաշինյանի այս խոսքերից կարելի է ենթադրել, որ միայն Բաղրամյան 26-ն է վերադարձվում նախագահին, իսկ այն լիազորությունները, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «գողացվել են» նախագահից, մնալու են կրկին վարչապետին: Համենայնդեպս, նրա հայտարարությունից, որ հարցեր կան՝ կապված շենքային պայմանների հետ եւ պետք է ուսումնասիրել, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու, ստացվում է, որ սուպերվարչապետական համակարգը դեռ առաջիկայում էլ կպահպանվի: Այս խոսքերից ենթադրելի է դառնում, որ ցանկություն կա կառավարության շենքում ստեղծել արարողակարգային ատրիբուտներ: Այնուհանդերձ, հիշենք, որ նախկինում սուպերվարչապետական համակարգը թունդ քննադատության էին ենթարկում նախկին ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ նախագահի լիազորություններն այնքան են սահմանափակել եւ թույլ չեն տալու նստավայրը լինի Բաղրամյան 26-ը, ասել էր. «Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը «կաժդիյ դեն Իշտոյանա վիդել», Անգլիայի թագուհուն, Բելգիայի արքայադստերը, էն մեկին, մյուսին, կարող է ընթացս սկսի լուրջ վերաբերվել երկրի պետության գլխի իր կարգավիճակին, դրա համար ասում է` տղեք, դավայ, թեւերը կտրեք: Ներման հարցում նախագահը ո՞վ է, որ ների, ես կասեմ` կների՞, թե՞ չէ: Արդյունքում կբերեն, կասեն, արդեն սկսել են, որ դու նույնիսկ Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում չես նստելու: Քեզ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, այդտեղ նստի եւ ժպտա, շարունակաբար ժպտա, իսկ այդ ընթացքում մենք կիրականացնենք ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ»,- փետրվարի 8-ին ԱԺ-ի ելույթի ժամանակ հայտարարել էր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը եւ ԵԼՔ-ի մյուս պատգամավորները բազմիցս են հայտարարել, որ օրենսդրական փոփոխությունները չեն եղել ինստիտուտների համար, այլ եղել են անձերի համար: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի: Օրինակ, ներկայում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ-ից հայտարարում էր. «Պետք է արձանագրել, որ այս օրենքն այն օրենքների շարքից է, որտեղ Անվտանգության խորհրդի կազմից հանվում է ԱԺ նախագահը, կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, եւ նախարարներին արգելվում է օրինակ իր իսկ ոլորտի օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություն տալ: Չորս ծառայություն դրվում է վարչապետի ենթակայության տակ եւ դուրս է բերում ԱԺ եւ կառավարության կոլեգիալ կազմից: Մենք գնում ենք սուպերվարչապետական, միահեծան համակարգի, ավելի ճիշտ՝ մենք չենք գնում, դուք եք տանում»,-ասել էր նա` դիմելով իշխող ՀՀԿ-ին: Նա նաեւ նշել էր, որ փորձն է արվում իշխանությունը գերկենտրոնացնել վարչապետի շուրջ: «Վարչապետի լիազորությունների ընդլայնումը աղետալի է լինելու մեր երկրի համար եւ համատեղելի չէ ժողովրդավարության հետ»: Ընդդիմությունից իշխանություն դարձած Փաշինյանը բազմիցս է հայտարարել այն մասին, որ պետք է վերացնի սուպերվարչապետական համակարգը: Սակայն օրենսդրական փոփոխությունների հստակ ժամանակահատված չի նշվել, չի ասվել նաեւ, թե երբ են սկսում օրենքների նածագծերի մշակումը: «Ես արդեն ասել եմ, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը՝ Ստեփանակերտում ՀԺ-ի հարցին ի պատասխան: Այնուհանդերձ, սուպերվարչապետությունը «վնասազերծելու» առումով եղել են ոչ մասշտաբային քայլեր: Մասնավորապես, կառավարության նիստերը դարձել են դռնբաց, նախարարները ստացել են խոսքի ազատություն, ինչպես նաեւ երկրի ղեկավարն է դարձել ավելի հասանելի:

armtimes.com

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր