00:00:00

Սևանում 26-ամյա մենեջերի դաժան սպանության գործով դատարանը կալանավորեց Վրաստանի քաղաքացիներ՝ 32-ամյա և 34-ամյա ամուսիններին. 35-ամյա կասկածյալն էլ հետախուզվում է

00:55, 06 հունիս 2018 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Մամիկոնյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ Վրաստանի Ուռեկի քաղաքի բնակիչներ, 32-ամյա Դմիտրի Անդրեևի և 34-ամյա Սոֆիա Անդրեևնայի նկատմամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս կասկածվում են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանին Գեղարքունիքի մարզի Սևանի վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են։ Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործության մեջ որպես կասկածյալ քննչական մարմնի կողմից հետախուզում է հայտարարվել նաև Վրաստանի քաղաքացի՝ 35-ամյա Շոթա Մաղլակելիձեի նկատմամբ։ Նշված դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում: 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը ևս վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։ Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր