00:00:00

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

08:35, 13 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։

Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։

Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։ Այստեղ գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, արդյունահանվում և վերամշակվում է պղնձամոլիբդենային հանքաքար։ Հանքավայրի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկրի տնտեսության, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածության և սոցիալ-տնտեսական կյանքի համար։

Թեղուտի պատմությունը ևս բավականին ուշագրավ է։ Հանքավայրի շահագործման ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Վալլեքս Գրուպի» հետ, սակայն ֆինանսական խնդիրների և պարտավորությունների չկատարման հետևանքով ընկերությունը հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ։ Հետագայում հանքավայրի նկատմամբ վերահսկողությունն անցել է այլ սեփականատերերի։

«Թեղուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2026-ին ձեռք է բերել ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը։

Այսինքն՝ Բաբայանի նշանակումը տեղի է ունենում հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարման փուլում։

Սակայն հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք նման պաշտոնների նշանակումների հիմքում մասնագիտական կարողությո՞ւնն է, կառավարչական փորձը, թե՞ իշխանական կապերը։

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն դեռ չի խնդրել իշխանություններից՝ նշելով, թե դեռ զբաղված է երեխաների խնամքով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր