00:00:00

Բրիտանիան միացել է Ուկրաինայի ռшզմական ֆինանսավորման ԵՄ ծրագրին

21:15, 13 հուլիս 2026 Քաղաքականություն

Միացյալ Թագավորության կառավարությունը համաձայնության է եկել Եվրամիության իշխանությունների հետ՝ Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրին միանալու վերաբերյալ։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս ծրագրի շնորհիվ բրիտանական պաշտպանական ընկերությունները հնարավորություն կստանան մասնակցելու այս վարկի հաշվին ֆինանսավորվող պայմանագրերի ստացման տենդերներին, ինչը հասանելիություն կբացի մի քանի միլիարդ եվրոյի պոտենցիալ ներդրումների համար, կապահովի որակյալ աշխատատեղերի պահպանումը ողջ երկրում և կամրապնդի աշխարհում առաջատար դիրքեր ունեցող Մեծ Բրիտանիայի ռազմարդյունաբերական բազան։ Մեծ Բրիտանիայի ներդրումը նախաձեռնության մեջ համամասնական կլինի այն պայմանագրերի արժեքին, որոնք բաժին կհասնեն բրիտանական արտադրողներին», - ասված է հայտարարության մեջ։

Համապատասխան հայտարարությունն արվել է Փարիզում «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մասնակցության ֆոնին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում նշել է, որ «դա Ուկրաինային հասանելիություն կտա ռազմական մատակարարների ավելի լայն ընտրության»։

ԵՄ կողմից 2026-2027 թվականների համար Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի ծրագիրը համաձայնեցվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված է Կիևի բյուջետային կարիքները հոգալու, իսկ 60 միլիարդ եվրոն՝ ռազմական ծախսերի համար։ Ծրագիրը հաստատվել է Եվրահանձնաժողովի ձախողված պլանի փոխարեն, որով նախատեսվում էր Կիևի ռազմական ֆինանսավորման կարիքների համար բռնագրավել Եվրոպայում սառեցված ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները։ Այս 90 միլիարդ եվրոն ներգրավվելու է համաեվրոպական փոխառության տեսքով, որը սպասարկելու և ի վերջո մարելու են հենց ԵՄ երկրները։ Կիևն այս գումարը կստանա անհատույց՝ միակ վերապահումով, որ նա պետք է փոխհատուցի դրանք, եթե Ռուսաստանը «ամբողջ ծավալով վճարի ռեպարացիաները»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյեն պարզաբանել էր, որ Բրյուսելի կողմից Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման ծրագիրը ներառում է «գնիր եվրոպականը» հոդվածը։ Այս դրույթը պարտավորեցնում է Ուկրաինային այդ գումարներով զենքի գնման բոլոր պայմանագրերը ներկայացնել Եվրահանձնաժողովի հաստատմանը, և միայն այն դեպքում, եթե Կիևին անհրաժեշտ զինատեսակները կամ դրանց փոխարինիչները առկա չեն Եվրոպայում, Եվրահանձնաժողովը կարող է Ուկրաինային իրավունք տալ դրանք պատվիրել այլ երկրների մատակարարներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր