Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը:
Նա հաղորդել է արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակման և վնասված բնակելի շենքերի մասին՝ հավելելով, որ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը, այդ թվում՝ մի երեխա, վիրավորվել:
Նշենք, որ Սիզրանի գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառույցի մեջ:
Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հաստատել են հարձակումը: «Սիզրանի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և Հարավային Պովոլժիեի առանցքային ձեռնարկություն: Դրա տարեկան հզորությունը կազմում է շուրջ 8.5 միլիոն տոննա նավթ, ինչը հավասար է ՌԴ-ում նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտավորապես 3 տոկոսին», - ասված է ուկրաինացի զինվորականների հաղորդագրության մեջ:
Իր հերթին ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սյուսարն էլ հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը Ազով-Սևծովյան ջրանցք մուտք գործող լցանավ են վնասել: Նա հայտնել է նաև Տագանրոգին և մարզի մի շարք շրջանների հասցված հարվածների մասին:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 349 ուկրաինական անօդաչու թռչող սարք: