Բուդապեշտում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել Հունգարիայի նոր կառավարության՝ երկրի նախագահ Թամաշ Շույոկին պաշտոնից վաղաժամկետ հեռացնելու ծրագրերի դեմ, հաղորդում է Associated Press-ը:Ցույցը տեղի է ունեցել նախագահական Շանդոր պալատի մոտ՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա Fidesz կուսակցության կոչով։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հանդես են գալիս ոչ այնքան հենց նախագահի, որքան նախագահության ինստիտուտի և իրավունքի գերակայության սկզբունքների պաշտպանությամբ։
Ապրիլին անցկացված ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանության եկած նոր կառավարությունը՝ վարչապետ Պետեր Մադյարի գլխավորությամբ, մտադիր է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որոնք հնարավորություն կտան դադարեցնել Շույոկի լիազորությունները։ Փոփոխությունները նախատեսում են նաև պատգամավորների լիազորությունների ժամկետների սահմանափակում, դատական համակարգի բարեփոխում և նոր մարմնի ստեղծում, որը կհետաքննի Օրբանի նախկին կառավարության օրոք ենթադրյալ ֆինանսական չարաշահումները։
Մադյարը Շույոկին մեղադրում է նրանում, որ Օրբանի կառավարման օրոք նա չի խոչընդոտել ժողովրդավարական ինստիտուտների խարխլմանը։ Կառավարությունը պնդում է, որ խորհրդարանում սահմանադրական մեծամասնության շնորհիվ ունի բավարար մանդատ՝ այս փոփոխություններն իրականացնելու համար։
Իրենց հերթին Օրբանն ու նրա կողմնակիցներն այդ նախաձեռնությունն անվանում են օրենքի գերակայությունը տապալելու փորձ և առաջին քայլ դեպի բռնապետության հաստատում։
Իշխանության գալուց հետո Մադյարի կառավարությունն արդեն սկսել է լայնածավալ բարեփոխումներ. սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը ութ տարով, փոխել է հատուկ ծառայությունների և պետական լրատվամիջոցների ղեկավարությունը, ինչպես նաև հասել է եվրոպական ֆինանսավորման 16,4 միլիարդ եվրոյի ապասառեցմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելուց հետո։