Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այդ մասին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով։
Բայրամովի խոսքով՝ գործընթացն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների շրջանակում և կրում է շարունակական բնույթ։
«Այս աշխատանքը կանոնավոր կերպով շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել դրա առաջին դրական արդյունքներին. պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված արդեն սահմանազատվել է», - նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ հետագա փուլերում քննարկման առարկա կդառնան նաև էքսկլավային գյուղերի հետ կապված հարցերը։