9–րդ գումարման ԱԺ–ում ՔՊ խմբակցությունը նոր դեմքեր կունենա։ ԱԺ ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ունի 64, որից 4–ը ազգային փոքրամասնություններին է տրվելու։
Irakanum.am–ը ներկայացնում է ՔՊ համամասնական ցուցակի այն անձանց, ովքեր մանդատները չեն վերցնի:
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Վահե Հովհաննիսյանը, Դավիթ Խուդաթյանը, Համբարձում Մաթևոսյանը, Հակոբ Սիմիդյանը մանդատները չեն վերցնի։ Նրանք ինչպես արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը կշարունակեն մնալ գործադիրի կազմում և կվերանշանակվեն։
Պատգամավորական մանդատները չեն վերցնի նաև Ռոմանոս Պետրոսյանն ու Գնել Սանոսյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս ինքնաբացարկ կներկայացնի։ Ավելի վաղ պատգամավորական մանդատը չվերցնելու մասին էր հայտարարել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, ապա Irakanum.am–ի տեղեկություններով նրա մասով դեռ վերջնական որոշում չկա։
Մեր տեղեկություններով ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը ևս կհրաժարվի խորհրդարան գալուց։ Փոխարենը մանդատը կվերցնի Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Հարությունյանին կփոխարինի Մակունցը։
Անդրադառնալով նախընտրական ցուցակի անցողիկ հորիզոնականներում տեղ գտած մարզպետներին, ապա նրանց մասով ևս վերջնական որոշում չկա։ Մարզպետները սպասում են, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ հստակ է, որ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հետ կվերադառնա օրենսդիրի իր աշխատանքին։ Գյումրու ընտրություններում պարտություն կրած «իրենց» Սարիկ Մինասյանը ևս ԱԺ պատգամավորի մանդատը կվերցնի։
Ընդհանուր առմամբ ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների նախընտրական ցուցակի անցողիկ շեմը հաղթահարածներից 20–ը մանդատներից կհրաժարվեն, ինչն էլ ենթադրում է, որ դրանք բաժին կհասնեն ցուցակի հաջորդ հորիզոնականներում ընդգրկվածներին, եթե վերջին պահին այլ անակընկալներ չլինեն։
Irakanum.am