Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի նախագահական ղեկավարող խորհուրդը հրատապ նիստ է անցկացրել, որի ընթացքում դատապարտել է Իրանի կողմից «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու փաստը։
Երկրի իշխանություններն այս քայլն անվանել են «Եմենի ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում», հաղորդում է Saba գործակալությունը։
Նիստը կայացել է Նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ Մուհամմեդ ալ-Ալիմիի նախագահությամբ՝ խորհրդի բոլոր անդամների մասնակցությամբ։ Մասնակիցները լսել են վարչապետ Շաե ազ-Զինդանիի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների ղեկավարների զեկույցները։
Նիստի արդյունքներով խորհուրդը հայտարարել է, որ Սանայի օդանավակայանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վկայում է «հութիների՝ Իրանից լիակատար կախվածության և պետական ինստիտուտներն ու տրանսպորտային ենթակառուցվածքը Թեհրանի շահերի համար օգտագործելու մասին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «հութիների գործողությունները խաթարում են խաղաղ գործընթացը, խոչընդոտում հակամարտության կարգավորման տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև նպաստում հետագա սրմանը»։ Խորհուրդը նաև շարժմանը մեղադրել է միջազգային նավագնացության և առևտրի վրա հարձակումների, տնտեսական և մարդասիրական ճգնաժամի խորացման, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքի քայքայման մեջ։
Եմենի իշխանությունները հայտարարել են, որ «տեղի ունեցածը սպառնալիք է ոչ միայն Եմենի, այլև տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար, ինչպես նաև վկայում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով Իրանի կողմից զինված խմբավորումների շարունակական օգտագործման մասին»։
Եմենի նախագահական խորհուրդը ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է օգտագործել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր քաղաքական, դիվանագիտական, իրավական և անվտանգության միջոցները՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և իր օդային տարածքի ու սահմանային անցակետերի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար։
Բացի այդ, Եմենի իշխանությունները երախտագիտություն են հայտնել Սաուդյան Արաբիային՝ խաղաղ կարգավորմանն աջակցելու նրա ջանքերի համար, և շնորհակալություն են հայտնել տարածաշրջանային ու միջազգային գործընկերներին՝ օրինական կառավարությանն աջակցելու համար։
Վերջում խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը հայտարարություններից անցնել գործնական քայլերի, որոնք ուղղված են, ինչպես պնդվում է, Իրանի կողմից կատարվող խախտումները կասեցնելուն, զենքի մատակարարման և հութիների ֆինանսավորման ուղիների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելուն, ինչպես նաև Եմենի տարածքն ու օդային տարածքը տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող նպատակներով օգտագործելը կանխելուն։