«Իշխանությունը փորձում է ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերին վերագրել այնպիսի հանցանքներ, որոնց ֆոնին հենց իր արածը կստվերվի կամ երկրորդ պլան կմղվի», -լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որոնք այսօր Փաշինյանն ուղղում է ընդդիմադիր ուժերին ու դրանց լիդերներին, այն գործերին, որոնք այսօր հարուցվում են ընդդիմադիրների նկատմամբ։
Աբրահամյանն ընդգծել է՝ ինչպես իշխանության աջակիցները, այնպես էլ նրա եվրոպացի հովանավորներն իրականում շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, ինչպես են նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ վարչական ու պետական ռեսուրսներն օգտագործվել, ինչպես են ընդդիմության առանցքային դեմքերին ճնշել ու ճնշում, սակայն առայժմ լռում են՝ սեփական շահերից ելնելով։
«Մի բան է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մեկ այլ բան, թե արտաքին դերակատարներին ինչ է այսօր Հայաստանում անհրաժեշտ։ Նրանց պետք է, որ իրենց հովանավորյալը հնարավորինս երկար մնա իշխանության, ինչով էլ նրանք իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն են լուծում, դիմակայություն ապահովում այլ գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, և Նիկոլ Փաշինյանի բոլոր մեղքերը՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրական իրավունքների ոտնահարման հետ, ժամանակավորապես «ներվում են»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Տիգրան Աբրահամյանը հավելել է՝ իշխանության մեղքերը այժմ «ներվում» են, բայց չեն մոռացվում.
«Այդ մեղքերը չեն կորչում։ Պատեհ պահին, երբ անհրաժեշտություն առաջանա, դրանք օգտագործվելու են հենց այս իշխանության դեմ»։