ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հասմիկ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմել եմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու խնդրանքով՝ շնորհակալություն հայտնելով վստահության, համատեղ աշխատանքի և հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորության համար։
Այս ժամանակահատվածը պատասխանատվության, ծառայության, փորձությունների և կարևոր ձեռքբերումների ճանապարհ էր։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ հնարավորություն ունեցա քննարկելու, ստեղծելու և առաջ շարժվելու՝ հանուն մեր երկրի և հայկական սպորտի առողջացման։
Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը՝ մնայուն։
Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր, իմ կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։
Հատուկ շնորհակալություն՝ այն եզակիներին, ովքեր իրենց աշխատանքը կատարել են ոչ միայն որպես մասնագիտական պարտականություն, այլև որպես առաքելություն։ Որոշ ճանապարհներ ավարտվում են ոչ այն պատճառով, որ սպառվում են, այլ որովհետև ժամանակն է սկսելու նորը։
Ամեն փորձություն միաժամանակ բացահայտում է թե՛ մարդկանց, թե՛ արժեքները, և այդ բացահայտումները հաճախ դառնում են ամենամեծ ձեռքբերումը։
Կյանքը շարունակվում է, իսկ ես, անկախ զբաղեցրած պաշտոնից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նույն պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով և նույն նվիրումով»։