Մարդկային պատմության մեծ ճգնաժամերը հազվադեպ են սկսվում բռնությունից։ Դրանք սկսվում են այն պահին, երբ մարդը կամ որևէ հաստատությունը մոռանում է իր սահմանները։ Երբ իշխանությունը դադարում է հասկանալ, թե ինչի համար է իրեն տրված իշխանությունը, իսկ եկեղեցին՝ թե ինչի համար է իրեն վստահված ճշմարտության վկայությունը, հակամարտությունը դառնում է անխուսափելի, նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Սրբազան Հոր խոսքով՝ այսօր Հայաստանում ականատես ենք ոչ միայն քաղաքական կամ իրավական անհանդուրժողության, այլև մեկ այլ, ավելի խորը խնդրի. արդյո՞ք մեր հասարակությունը դեռևս ճանաչում է իրենից բարձր որևէ ճշմարտություն։
«Ժողովրդավարությունը երբեք էլ չի ենթադել պարզապես մեծամասնության իշխանություն. սա պարզամիտ մոտեցում է։ Եթե այդպես լիներ, այն վաղուց կվերածվեր ուժեղների կամքի։ Այն նախ և առաջ ինքնասահմանափակման մշակույթ է՝ հիմնված այն համոզման վրա, որ գոյություն ունեն այնպիսի արժեքներ, այնպիսի ազատություններ և այնպիսի հաստատություններ, որոնց պետությունը չի կարող տնօրինել նույնիսկ այն ժամանակ, երբ ունի դրա քաղաքական հնարավորությունն ու անհրաժեշտությունը։
Այդ հաստատություններից մեկը եկեղեցին է. ոչ այն պատճառով, որ եկեղեցականները վեր են օրենքից, և ոչ այն պատճառով, որ եկեղեցին անսխալական է։ Այլ որովհետև պետությունը չի ստեղծել եկեղեցին։ Նա չի ստեղծել նրա առաքելությունը, նրա հավատքը, նրա ներքին կարգն ու հոգևոր հեղինակությունը։ Իսկ այն, ինչ պետությունը չի ստեղծել, չի կարող տնօրինել։ Սա իրավական դրույթ լինելուց առաջ քաղաքակրթական սկզբունք է։
Այն պահին, երբ իշխանությունը սկսում է իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին, ովքեր են նրա արժանի առաջնորդները կամ ինչպիսին պետք է լինի նրա ներքին կյանքը, նա աննկատ փոխում է նաև սեփական էությունն ու դադարում է լինել իրավունքի պահապան, սկսում է իրեն ընկալել որպես հասարակության բարոյական կենտրոն։
Սակայն հենց այստեղ է ծնվում ամենամեծ վտանգը։
Որևէ իշխանություն չի կարող իր վրա վերցնել այն դերը, որը չի պատկանում իրեն։ Որովհետև այն իշխանությունը, որը ցանկանում է ղեկավարել ոչ միայն հասարակական հարաբերությունները, այլև խիղճը, վաղ թե ուշ սկսում է վախենալ բոլոր այն հաստատություններից, որոնց հեղինակությունը չի բխում իրենից։ Այսպես՝ Անկախությունը ներկայացվում է որպես ընդդիմություն, սկզբունքայնությունը՝ որպես սպառնալիք, իսկ քննադատությունը՝ որպես թշնամանք։
Եթե երբևէ այս տրամաբանությունը դառնա պետական գործելակերպ, ապա վտանգված կլինի ոչ միայն եկեղեցին, այլև հենց իրավական պետության գաղափարը։ Որովհետև օրենքը գոյություն չունի իշխանության կամքը հաստատելու, այլ սահմանափակելու համար։ Սակայն նույնքան կարևոր է մեկ այլ ճշմարտություն։ Եկեղեցին նույնպես չի կարող մոռանալ իր սահմանները։ Եթե նա սկսի իր առաքելությունը նույնացնել քաղաքական հաղթանակների հետ, եթե Ավետարանի լեզուն փոխարինի քաղաքական հակամարտության լեզվով, եթե իր հեղինակությունը սկսի պաշտպանել այն միջոցներով, որոնցով աշխարհն է պայքարում իշխանության համար, ապա կկորցնի այն, ինչ դարերով եղել է իր ամենամեծ ուժը՝ բարոյական ազատությունը։
Եկեղեցին քաղաքական դերակատար չէ, բայց նա երբեք չի կարող հրաժարվել հասարակական և քաղաքացիական պատասխանատվությունից։ Որովհետև ճշմարտությունը, որի վկան է նա, չի սահմանափակվում մարդու անձնական կյանքով։ Այն լուսավորում է նաև հասարակական կարգը։ Սակայն հենց այդ պատճառով էլ եկեղեցին չի ձգտում կառավարել պետությունը. նա ձգտում է հիշեցնել այն բարոյական չափանիշները, առանց որոնց քաղաքականությունն ինքն է կորցնում մարդկային բնույթը։
Այս համատեքստում են տեղավորվում նաև քաղաքական ու քաղաքագիտական, հասարակական ու քաղաքացիական հասկացությունների նույնացումը։ «Հասարակականը», օր՝ ավելի լայն հասկացություն է և վերաբերում է հասարակության կյանքին, մարդկանց փոխհարաբերություններին, մշակույթին, բարոյականությանը, ընտանիքին, կրոնին, գիտությանը... «Քաղաքացիականը» վերաբերում է քաղաքացու կարգավիճակին, իրավունքներին, պարտականություններին և մասնակցությանը հանրային կյանքին... «Քաղաքականը»՝ պետական իշխանությանն ու իրականացմանը... Եվ ուրեմն՝ ամեն հասարակական խոսք կամ գործունեություն չէ, որ քաղաքական է։ Հասարակությունը շատ ավելի լայն իրականություն է, քան պետությունը։ Իսկ քաղաքացին իր պատասխանատվությունը կրում է ոչ միայն ընտրատեղամասում, այլև այնտեղ, որտեղ պաշտպանում է ճշմարտությունը, արդարությունը և ընդհանուր բարիքը։
Եկեղեցու հեղինակությունը չի ծագում ազդեցությունից, այլ հավատարմությունից՝ ճշմարտության հանդեպ այն պարտավորությունից, որը նախորդում է ցանկացած պատմական իրավիճակի։ Այդ պատճառով հասարակական կյանքում մշտապես առկա է երկու վտանգավոր շեղում։
Մեկը՝ երբ պետական ցանկացած մեղադրանք ընկալվում է որպես ինքնին արդարության հաստատում։ Մյուսը՝ երբ եկեղեցականի նկատմամբ ցանկացած մեղադրանք նախապես դիտարկվում է որպես հալածանք։ Երկու դեպքում էլ դատողությունը փոխարինվում է կանխորոշմամբ, և իրականությունը՝ գաղափարական արձագանքով։ Այդպիսով մարդը ազատվում է ճշմարտության որոնման ծանրությունից, բայց միաժամանակ զրկվում է այդ որոնման հնարավորությունից։
Իրավական պետության հիմքը ոչ թե վստահությունն է, այլ ճշմարտության որոնման կարգը՝ ապացույցի, քննության և անաչառ դատողության միջոցով։ Այն ենթադրում է, որ օրենքից վեր ոչ ոք չէ, սակայն նաև ենթադրում է, որ օրենքը չի կարող դառնալ իշխանության կամքի ընդլայնում՝ օրենքի ընտրովի կիրառմամբ։ Այստեղ հարցը չի սահմանափակվում ընթացակարգով. այն վերաբերում է արդարության գաղափարի չափին՝ այն բանին, թե արդյոք հասարակությունը դեռ ճանաչում է ճշմարտությունը որպես չափանիշ։
Պետական իշխանությունը, նույնիսկ ժողովրդավարական լեգիտիմությամբ, չի կարող իրեն վերագրել այն սահմանների վերացում, որոնք վերաբերում են խղճի ներքին ոլորտին և հաստատությունների ինքնուրույնությանը։ Եկեղեցին, իր հերթին, չի կարող պատմական շարունակականությունը շփոթել ներկայի պատասխանատվության հետ։ Իսկ հասարակական ընկալումները, որքան էլ անկեղծ լինեն, չեն կարող ճշմարտությունը պայմանավորել միայն կարծիքների համագումարով կամ՝ քաղաքական համակրանքով։ Այս ամենի խորքում հարցը տեղափոխվում է այլ մակարդակ։ Ոչ թե այն, թե ով է ճիշտ, այլ այն, թե արդյոք մարդը դեռևս ունակ է ճշմարտությանը մոտենալ առանց այն յուրացնելու փորձի՝ առանց այն իր նախնական պատկերացումներին ենթարկելու։ Այստեղ է բացահայտվում խղճի իրական կառուցվածքը՝ ոչ որպես սուբյեկտիվ զգացում, այլ որպես ճշմարտության նկատմաբ բաց լինելու ունակություն։
Ժամանակի փորձը վկայում է, որ հասարակությունները չեն քայքայվում միայն նյութական կամ քաղաքական պատճառներով։ Քայքայման ավելի խոր շերտը կապված է այն պահի հետ, երբ վերանում է գիտակցությունը, որ գոյություն ունի չափանիշ, որը չի բխում մարդու կամքից։ Երբ այդ չափանիշը կորցնում է իր ներկայությունը հասարակական գիտակցության մեջ, ուժը աստիճանաբար փոխարինում է իրավունքին, խոսքը՝ համոզմանը, իսկ հաջողությունը՝ ճշմարտությանը ուղղված որոնմանը։ Այդ գործընթացը հազվադեպ է լինում կտրուկ․ այն ավելի հաճախ արտահայտվում է որպես դանդաղ փոփոխություն. թե ինչպես է հասարակությունը հասկանում իրականությունը՝ որպես բացահայտվող ճշմարտություն, թե որպես ձևավորվող համաձայնություն։ Այս իմաստով, Հայաստանի ներկա իրավիճակը կարելի է դիտարկել ոչ թե որպես եզրակացություն, այլ որպես հարցադրում՝ արդյոք պահպանվում է այն ներքին համոզումը, որ ճշմարտությունը չի նույնանում ուժի, մեծամասնության կամ հաստատված կարծիքի հետ և ունի անկախ գոյություն։
Ժողովուրդների կենսունակությունը չի որոշվում միայն քաղաքական ուժով։ Այն կախված է այն բանից, թե որքանով է պահպանվում գիտակցությունը, որ գոյություն ունի չափանիշ, որը մարդը չի ստեղծում, այլ որի առաջ նա պատասխանատու է։ Երբ այդ գիտակցությունը մթագնում է, հասարակությունը աստիճանաբար անցնում է մի վիճակի, որտեղ իրականության ընկալումը ձևավորվում է ոչ թե ճշմարտության, այլ ուժի և ազդեցության տրամաբանությամբ։ Հենց այստեղ է բացահայտվում այն սահմանային կետը, որտեղ քաղաքակրթական հարցը դառնում է ոչ թե քաղաքական ընտրության, այլ ճշմարտության նկատմամբ մարդու վերաբերմունքի հարց»,- ընդգծել է Իսահակ Սրբազանը։