ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը գրել է․
«Ռուբիոյի երևանյան այցը, իհարկե, ուներ մի քանի առանձնահատկություններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Սակայն դա միայն այն չէր, որ նա չհանդիպեց Հայաստանի վարչապետին։ Այս վերլուծության մեջ ցանկանում եմ մի փոքր կենտրոնանալ այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվեցին։
Միներալներ. ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են լուրջ մրցակցության մեջ օգտակար հանածոների, հատկապես՝ կրիտիկական միներալների շուրջ։ Այս ոլորտում Վաշինգտոնի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել սեփական կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ազդեցություն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այս նպատակով ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի, Ղազախստանի և տասնյակ այլ երկրների հետ։ Ի դեպ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նկրտումների հիմնավորումներից մեկը նույնպես նրա հանքային հարստությունն է, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս խոսել է։
Ռազմավարական գործընկերությունների դասակարգում. Ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները դասակարգում է հետևյալ կերպ՝
Դաշնակցային հարաբերություններ (ՄԹ, Կանադա),
Ռազմավարական գործընկերություն (Վիետնամ, Ղազախստան),
Համապարփակ ռազմավարական գործընկերություն (Հնդկաստան),
Համապարփակ գործընկերություն (Ինդոնեզիա, Սինգապուր),
ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից (Իսրայել, Ավստրալիա),
ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ
Այլ բարեկամ երկրներ։
Այս համատեքստում կարելի է ասել, որ Հայաստանը որոշակիորեն բարձրացրել է իր հարաբերությունների մակարդակը, սակայն բնականաբար դաշնակցային հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։
TRIPP. TRIPP-ի գործոնը կարևոր է հասկանալու համար ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումները Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի նկատմամբ ճնշման մեծացումը։ TRIPP-ի վերաբերյալ մի կարևոր հանգամանք հաճախ դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Այն ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության կարևոր տարր է, բայց ոչ միակը։ Դրա նպատակը Կենտրոնական Ասիայի էներգակիրների արտահանումն է դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։
Իրականում Չինաստանը ձգտում է և արդեն մասամբ հասել է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ ազդեցության ամրապնդման։ Նրան անհրաժեշտ են դեպի Եվրոպա արտահանման հուսալի ուղիներ, որոնք կարող են իրականացվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԱՄՆ-ն, իր հերթին, ձգտում է դժվարություններ ստեղծել Չինաստանի համար՝ սահմանափակելով նրա արտահանման հնարավորությունները՝ կիրառելով տարբեր գործիքներ, պատժամիջոցներից մինչև սեփական տարածաշրջանային նախագծերի խթանում։
Այլ կերպ ասած՝ եթե Չինաստանը մեծապես վերահսկում է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները, ապա ԱՄՆ-ն, մրցակցային տրամաբանությամբ, փորձում է վերահսկել տարանցիկ հնարավոր միջանցքները դեպի Եվրոպա։ Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման հիմնական խոչընդոտներից մեկը այն էր, որ Կասպից ծովով դեպի Ադրբեջան հասնելու դեպքում ռեսուրսների տեղափոխումը դեպի Թուրքիա պետք է անցներ Իրանի տարածքով (կամ առավել երկար՝ Վրաստանի), ինչը չէր բխում Վաշինգտոնի շահերից։
TRIPP-ի գործարկման դեպքում այդ միջանցքը ապահովվում է Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանին, միաժամանակ շրջանցելով Ռուսաստանին և ստեղծելով լրացուցիչ բարդություններ Չինաստանի համար՝ սահմանափակելով այլընտրանքային լոգիստիկ ուղիների հասանելիությունը։
Այսինքն՝ Թրամփի վարչակազմը բավականին արդյունավետ առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, որևէ խոչընդոտ չեն ստեղծում ԱՄՆ համար այս գլոբալ մրցակցության պայմաններում և, համապատասխանաբար, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը»։