Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն նոր երևույթ չէ «կառուցողական ընդդիմությունը»։ Սակայն երբ համայնքի ղեկավարն իրեն ներկայացնում է որպես ընդդիմադիր գործիչ, բայց միաժամանակ հայտնվում է իշխող ուժի քարոզարշավներում, մասնակցում նույն քաղաքական օրակարգի սպասարկմանը և փաստացի դառնում իշխանության լրացուցիչ ռեսուրս, հարցերն արդեն դառնում են ոչ միայն քաղաքական, այլև բարոյական։
Ապարանում վերջին շրջանի քաղաքական զարգացումները հենց այսպիսի տպավորություն են ստեղծում։ Տեղական մակարդակում ընդդիմադիր հռետորաբանություն օգտագործող քաղաքապետ Կարեն Եղիազայանը, իրականում ավելի հաճախ հայտնվում է իշխանության կողքին, քան ընդդիմության շարքերում։ Հատկապես նախընտրական գործընթացներում նրա վարքագիծը ավելի շատ հիշեցնում է ոչ թե իշխանությանը հակակշռող գործչի, այլ՝ ՔՊ-ի համար աշխատող տեղական ադմինիստրատորի։ Իշխանության համար սա չափազանց հարմար մոդել է․ ունենալ համայնքային ղեկավարներ, որոնք հրապարակային կերպով չեն ասոցացվում ՔՊ-ի հետ, բայց անհրաժեշտ պահին միանում են քարոզարշավներին, ապահովում վարչական աջակցություն, տեղերում վերահսկում տրամադրությունները և թույլ չեն տալիս իրական ընդդիմադիր բևեռի ձևավորում։
Այս մեխանիզմը նոր չէ և տարբեր համայնքներում բազմիցս կիրառվել է քաղաքական ազդեցությունը պահպանելու համար։ Հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը․ եթե դու ընդդիմադիր ես, ապա ինչո՞ւ ես մասնակցում իշխանության քարոզչական գործընթացներին։ Ինչո՞ւ ընդդիմադիր դիրքավորվող համայնքապետը չի պահպանում քաղաքական հեռավորություն իշխող ուժից, հատկապես այն պայմաններում, երբ հանրության մի զգալի հատված դժգոհ է իշխող ուժի քաղաքականությունից։ Քաղաքականության մեջ, իհարկե, հնարավոր են համագործակցություններ, պայմանավորվածություններ և տարբեր ձևաչափեր։ Բայց երբ հանրությանը տարիներ շարունակ ներկայացվում է «մենք ընդդիմություն ենք» թեզը, իսկ իրական գործողությունները հակառակն են ապացուցում, դա արդեն վերածվում է քաղաքական մանիպուլյացիայի։ Ապարանի դեպքում առավել ուշագրավ է նաև այն, որ համայնքը մշտապես համարվել է քաղաքականապես ակտիվ և ընդդիմադիր տրամադրություններ ունեցող տարածք։ Այդ ֆոնին ցանկացած իշխանամետ քայլ ավելի արագ է նկատվում հանրության կողմից։ Իսկ երբ քաղաքապետը փաստացի հայտնվում է ՔՊ-ի քաղաքական միջոցառումների և քարոզչական գործընթացների կողքին, հանրության մոտ բնականաբար առաջանում է հարց՝ արդյոք նա ընդդիմությո՞ւն է, թե պարզապես վերահսկվող «այլընտրանք»։
Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է քաղաքական դերակատարների մի խումբ, որոնք հրապարակային քննադատում են իշխանությանը, սակայն վճռորոշ պահերին կանգնում նույն իշխանության կողքին։ Այդպիսի գործիչները հաճախ ավելի օգտակար են լինում իշխանության համար, քան հենց ՔՊ-ականները, որովհետև ստեղծում են բազմակարծության պատրանք։ Հանրությանը թվում է, թե կա հակակշիռ, մինչդեռ իրականում համակարգը գործում է նույն կենտրոնից կառավարվող տրամաբանությամբ։ Քաղաքական ազնվությունը պահանջում է հստակություն։ Եթե աջակցում ես իշխանությանը՝ ասա բաց տեքստով։ Եթե ընդդիմադիր ես՝ մի՛ վերածվիր իշխանության քարոզչական արբանյակի։ Հակառակ դեպքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ ընտրողը հերթական անգամ կանգնում է ոչ թե գաղափարական պայքարի, այլ քաղաքական ներկայացման առաջ։ Այս ամենը հատկապես վտանգավոր է տեղական ինքնակառավարման մակարդակում, որովհետև համայնքապետը միայն քաղաքական գործիչ չէ․ նա նաև համայնքի վստահության կրողն է։ Իսկ երբ այդ վստահությունը սկսում է խարխլվել քաղաքական երկակի խաղերի պատճառով, տուժում է ոչ միայն կոնկրետ պաշտոնյան, այլև ամբողջ տեղական կառավարման համակարգի հեղինակությունը։ Ու հիմա Ապարանի քաղաքապետը նմանվում է Գորիսի ղեկավարին, մի տարբերությամբ դեռ ՔՊ-ի բուկլետը չի բաժանել, ու Փաշինյանի ելույթին ծափ չի տվել, բայց ժամանակ դեռ կա «սխալն» ուղղելու համար։
Irakanum.am