Քաղաքագետ Արմեն Մինասյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին է արձագանքել՝ գրելով.
«Նախօրեին Իշխան Սաղաթելյանը խոսել էր Հայաստանի կյանքում մարգինալ (օգտագործել էր` լուսանցքում հայտնված տերմինը) քաղաքական ուժերից:
Նախ նշեմ, որ Իշխանի հետ մենք ոչ միայն նորմալ հարաբերություններ ունենք, այլև, ինչը ինձ համար կարևոր է, համերկրացիներ ենք (բանակից մինչև օտարերկրյա գործուղում, աշխատանք ու ժամանց` ինձ համար էմոցիոնալ հիմքով առաջնահերթություն է հաղորդակցվել ու հարաբերություններ հաստատել իմ թաղեցու, իմ համաքաղաքացու և համերկրացու հետ, մի խոսքով` «զեմլյաչեստվան» իմ մոտ առանցքային է): Բայց, ինչպես կասեր Արիստոտելը, ճշմարտությունն ավելի թանկ է:
Իսկ ճշմարտությունը ոչ միայն դաժան է, այլև սարսափելի: Փաստն այն է, որ այսօր Հայաստանի քաղաքական կյանքում մարգինալ են բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնց հրապարակային գործունեության հիմքը, առիթը, պատճառը, ռեսուրսը եղել են`
1. Պահանջատիրությունը
2. Արցախի ինքնորոշումը
Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ քաղաքական կապիտալի են վերածել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Ղարաբաղյան շարժումը, այսօր քաղաքական իմաստով զրո են: Գուցե Նիկոլի հանդեպ հասարակության գերակշռող մասի ատելությունն ու հիասթափությունն այդ ուժերին հնարավորություն տա հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը, բայց դա ոչինչ չի նշանակում: Ոչինչ:
Այդ ուժերն ու գործիչները բառիս բուն իմաստով վախենում են խոսել արցախահայության իրավունքների, Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությանը սպառնացող կոնկրետ ուժերի մասին: Վախենում են, որովհետև գիտեն` նման օրակարգը ենթադրում է քաղքական պատվեր, որ պետք է հիմնված լինի հանրային լուրջ մոբիլիզացիայի և նվիրվածության վրա: Մի բան, որ այսօրվա հայ հասարակությունը հրաժարվում է տալ 1915-ի ու 1988-ի քաղաքական սերունդներին:
Թե ինչու է հրաժարվում, բոլորս գիտենք: Ժամերով կբանավիճեմ, բայց փորձեմ բանաձևել հակիրճ: Երբ դու հարյուր տարի խոսում ես ազգի, ազգի փրկության, ազգապահպանության ու այլնի մասին, և այդ լոզունգները կյանքի կոչելու լիազորություն ստանալուց հետո զբաղվում ես վարչական ռենտա հավաքելով, դու պարզապես փոշիացնում ես հանրային վստահությունը:
Չեմ ուզում շատ խորանալ: Ասեմ պարզ: Հայ հասարակությունը անվտանգային, ազգային, պետական, պահանջատիրական տրամադրություններ չի փոխել (գործնականում դա անհնար է փոխել 7-8 տարում), այլ պարզապես հիասթափվել է այդ օրակարգերը յուրացրածներից: Կասկած չունեմ, որ եթե հայտնվի ինչ-որ սուբյեկտ, ով ռեալիստական, հանդուգն քաղաքական ծրագիր առաջ քաշի, հանրության մեծամասնությունը կմոբիլիզացվի նրա շուրջ: Բնականաբար, այդ մեկը հասկանալի պատճառներով չի կարող լինել 1915-ի կամ 1988-ի սերնդի ներկայացուցիչ:
Այդ սերունդներն այլևս դեվալվացված են, իսկ հիշատակված օրակարգերը նորովի ձևակերպվելու կարիք ունեն: Որովհետև եթե այս ժողովուրդը հազարամյակներով զրկանքներ կրելով հասել է 21-րդ դար, ոչ մի Նիկոլ չի կարող բեկել նրա մտորումների ու մտահոգությունների ուղին: Նիկոլն ընդամենը նշված դեվալվացիայի հայելային պատկերն է»: