«Ներկա իշխանության գործունեության առանցքային թերացումները, իմ համոզմամբ, վերաբերում են նախ և առաջ անվտանգային համակարգին, արտաքին քաղաքականության ռազմավարությանը և ազգային ինքնության պահպանման հարցին։
Սրանք այն ոլորտներն են, որոնք որոշում են պետության երկարաժամկետ գոյությունն ու կենսունակությունը։ Ներքին կամ տնտեսական խնդիրները, որքան էլ կարևոր լինեն իրենց բնույթով, շտկելի են․ անվտանգային և ինքնության հարցերում սխալները հաճախ լինում են անդառնալի։
Չեմ պնդում, թե ներքին քաղաքականության ոլորտում իրավիճակը բավարար է։ Եթե գնահատելու լինենք տասը բալանոց համակարգով, ապա ներքին կառավարման արդյունավետությունը դժվար թե գերազանցի չորս բալը։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ վերջին ութ տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական որոշ ցուցանիշներ դրական տեղաշարժ են արձանագրել։ Նման միտումներ եղել են նաև 1996 թվականից ի վեր բոլոր իշխանությունների օրոք։ Սա առավելապես մեր ժողովրդի աշխատասիրության, նախաձեռնողականության և դիմացկունության արդյունքն է։
Այս իրողությունից բխում է կարևոր քաղաքական հետևություն․ ընտրական գործընթացներում ընդդիմությունը պարտավոր է առաջնահերթորեն բարձրացնել անվտանգային և ազգային նշանակության հարցերը։ Թեպետ քաղաքական տեխնոլոգները հաճախ պնդում են, որ ընտրազանգվածը հակված չէ խորքային վերլուծությունների և առավել հեշտ է մոբիլիզացնել սոցիալական պարզ օրակարգով, այնուամենայնիվ, պետական մտածողությունը չի կարող սահմանափակվել կարճաժամկետ հաշվարկներով։
Իշխանությունը, գիտակցելով սոցիալական սպասումների կարևորությունը, արտաքին պարտքի աճի հաշվին փորձում է մեղմել առկա խնդիրները՝ ապահովելով կարճաժամկետ կայունության պատրանք։ Սակայն նման մոտեցումը չի լուծում համակարգային մարտահրավերները և կարող է խորացնել երկարաժամկետ ռիսկերը։
Մենք պետք է հստակ գիտակցենք տարբերությունը շտկելի և անդառնալի սխալների միջև։ Սոցիալական և ներքին կառավարման ոլորտներում սխալները հնարավոր է ուղղել։ Սակայն անվտանգային կամ ազգային ինքնության հարցերում սխալ որոշումները կարող են մեզ հասցնել այնպիսի սահմանագծի, որից վերադարձն այլևս անհնար կլինի։
Ուստի, ընդդիմադիր ուժերի առաջնորդները՝ սկսած ինձանից, պարտավոր են ամբողջ խորությամբ ըմբռնել պահի լրջությունն ու իրենց վրա դրված պատասխանատվության չափը». Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ