Մի շարք օրեր ու առաջարկություններ էին հնչում, սակայն բոլորի համար ընդունելի եղավ այս օրը, որը հավաքական օր է իր խորհրդով, և շատ ճիշտ է, որ Ազգային Ժողովը հավանության արժանացրեց այս օրը, և սրանով արդեն իսկ ունենք հստակ օր: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր, եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին ու օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել որևէ ռազմական գործողության հետ: Ավելի ընդգրկուն և համընդհանուր, բոլոր հարցերը իմի բերված տրամաբանությամբ է դրվել այս օրը: ՀՀ-ն բազմաթիվ պատերազմների ու ռազմական գործողությունների շրջան է ունեցել, և հստակ օր հիմքում չի դրվել»,- նշել է նա:
Հարցին, թե ինչու «Արցախի Կանչը» կոթողի և 2023 թվականի զոհերի հուշարձանի մոտ ոչ ոք ծաղիկներ չխոնարհեց, Արման Սարգսյանը պատասխանեց, որ Եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ խոնարհվել են, իսկ բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու և խոնարհելու:
Անդրադառնալով սահմանների մասին հարցին ու ընթացող գործընթացին՝ Սարգսյանը նշեց, որ կա հանձնաժողով, որը զբաղվում է սահմանագծմամբ և սահմանազատմամբ, և հանձնաժողովի գործունեության արդյունքներով վերջնական հարցը լուծում կստանա: