Հայաստանում հունվարի 1-ից ներդրված առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակում շտապբժշկական օգնության անվճար կանչերի տարեկան սահմանափակում է դրվել։ Անվճար կլինի տարեկան մինչև ութերորդ կանչը, իններորդ և հաջորդ կանչի համար սահմանվել է 10,000 դրամ սակագին։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն 23-րդ օրն է գործում է, սակայն ինչպես ներդրված մյուս բոլոր փոփոխություններն, այնպես էլ՝ վճարովի շտապ օգնություն կանչելու մեխանիզմը նորմալ հստակեցված չէ: Չնայած այն հանգամանքին, որ կան որոշակի բացառություններ, դրանցում սակայն ներառված չեն, օրինակ այն դեպքերը, երբ պացիենտն օրինակ ՁՊՎ-ում է գտնվում, կամ հացադուլի մեջ և նրա համար օրինակ հնարավոր է օրվա մեկ մի քանի կանչ գրանցել, ու հետևաբար անվճար 8 կանչերի հնարավորությունը կավարտվի:
Այս և այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը զրուցել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ:
Պարոն Գրիգորյան որոշման ընդունման 23-րդ օրն է: Եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր գերազանցել են սահմանված անվճար կանչերի քանակը:
Կառավարության որոշմամբ հստակ սահմանված է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել մինչև 8 անգամ, դրանից հետո վճարովի: Իհարկե կան որոշ բացառություններ, օրինակ դանահակարություն, կայծակնարարություն, կամ կյանքին սպառնացող վտանգներ: Ունենք քաղաքացիներ, որոնք օրինակ նախորդ տարի մինչև 400 անգամ կանչ են տվել: Այս պահի դրությամբ կա 9 քաղաքացի, որոնք 8 անվճար կանչ գրանցելու իրավունքը սպառել են ու որոնց մենք ծանուցել ենք, որ պետք է վճարեն գերազանված կանչերի համար, որովհետև այդ կանչերը չեն հանդիսանում բացառություն և դուք ուղղակի կանչեր եք գրանցել:
Ինչպե՞ս է ծանուցվում և ինչպե՞ս է հաշվարկվում, որ տվյալ քաղաքացին արդեն իսկ սպառել է անվճար շտապ օգնություն կանչելու քանակը:
Քաղաքացին երբ, որ զանգում է 1-03 իրենից տվյալներ է պահանջվում: Իհարկե եթե լինում են ահազանգեր, որ օրինակ այս ինչ հասցեյում հրազենային վնասվածք կա, բնականաբար չենք հարցնում բուժառուի անունը: Մյուս դեպքերում ճշտվում են տվյալները, հասցեն, հեռախոսահամարը: Եթե այդ անուն- ազգանունը համընկնում է ցանկին, որը պարբերաբար թարմացվում է, և տեսնում ենք, որ այդ քաղաքացին անցել է 8 կանչը, հեռախոսավարը նրան տեղեկացնում է, որ նրա կանչը վճարովի է: Բրիգադը, երբ որ գնում է, տեղում արդեն նույնականացվում է, վերջում արդեն դարձյալ ասվում է, որ ձեզ զգուշացվել է, որ վճարովի է՝ վճարեք: Եթե տեղում չեն վճարում, ծանուցում ենք ուղարկում, որ 15 օրյա ժամկետում խնդրում ենք այս ինչ հաշվեհամարին վճարեք 10 հազար դրամ:
Իսկ գումարը առձեռն տալիս է աշխատակցին:
Չէ, գումարը մեր մոտ արդեն 2 տարի է անկանխիկ է: Բոլոր պլանշետները ունեն վճարում ստանալու համակարգ, ինչպես նաև բոլոր վճարահաշվարկային տերմինալնելում կա մեր շտապ օգնության իկոնկան, որ մարդիկ կարող են դրանով վճարել:
Տեսականորեն հնարավո՞ր է, որ տվյալ քաղաքացու փոխարեն օրինակ հարևանուհին կանչ գրանցի, այդ դեպքում ում վրա է գրանցվում կանչը:
Տեսեք, այդ նույն խնդիրը առաջանում է ձերբակալվածների պահման վայրում, երբ քաղաքացու համար կանչ է գրանցվում: Հիմա դա պետք է բացառությունների մեջ լինի, կամ օրինակ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու համար: Մենք ունենք մարդիկ, ովքեր տարվա ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձ են անում: Հիմա ինչը նշեցի բացառությունների ցանկի գրված չէ, բայց ես ինքս նամակ եմ գրել նախարարին, առաջարկությամբ եմ հանդես եկել, որ խնդիրներ եմ տեսնում այս դաշտերում, խմբագրեք մեջը ավելացրեք, որ հետագայում տարընթերցումների տեղիք չտա:
Հիմա օրինակ, եթե մարդը հացադուլ է հայտարարում, տարբեր հանգամանքներից ելնելով, և իր համար գրացված 9-րդ կանչն արդեն վճարովի կլինի՞:
Բնականաբար տրամաբանությունը հուշում է, որ չպետք է վճարի, չնայած, որ դա բացառությունների մեջ չէ: Դրա համար ես նամակ եմ գրել, որ կա անհրաժեշտություն շտկելու:
Փաստորեն կառավարության որոշումը թերի է:
Մի քիչ ճիշտ չէ արձանագրել, որ թերի է, բայց ամեն նորարարություն ունենում է իր բացերը և աշխատանքի ընթացքում դրանք շտկվում են:
Իսկ ինչ է պատասխանել Անահիտ Ավանեսյանը ձեր նամակին:
Պատասխան եկել է, որ հանդիպում կազմակերպենք՝ քննարկենք: Կարդացել է, և պատասխանել է, որ լավ առաջարկներ կան:
Պարոն Գրիգորյան հաշվի առնելով այն հանագամանքը, որ շտապ օգնության կանչեր հիմնականում գրանցում են տարեց քաղաքացիները, կենսաթոշակառուները, որքանով է արդարացի, որ առանց այն էլ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող մարդիկ մի հատ էլ շտապ օգնության համար վճարեն և ստիպված կարող է չկանչեն օգնություն:
Ես 2025 թվականի վիճակագրություն եմ կատարել: Կանչ տվողների 99 տոկոսը տվել է մինչև 8 կանչ, մի տոկոսն է տվել ավելի զանգեր: Խոսքը Երևան քաղաքի մասին է, ու այդ մարդիկ շտապ օգնության կարիք չունեն, իրենք խրոնիկ հիվանդներ են, ալկոհոլային հարբեցողներ են: Իրականում այդ 8 թիվը արդարացված է: Այլ հարց է, որ բացառությունները ճիշտ ընտրված չեն, դրանց վրա պետք է շեշտը դնել և ուղղել:
Հիմա այդ մարդիկ, որ չկարողանան 15 օրյա ժամկետում վճարեն, ի՞նչ պետք է անեք:
Որոշում կայացնողը ես եմ: Ինձ համար ևս բարդ է, դա մնում է հիմնարկի վրա, եթե նախկինում այդ կանչերի ծախսերը տալիս էր պետությունը, հիմա արդեն ես եմ որոշելու մտնեմ դատարան, թե չէ: Բնականաբար 10 հազար դրամի չեմ մտնի դատարան, բայց տեսնեմ կանչերի թիվը ավելացավ, արդյունքում նաև պարտքը, իհարկե շատ հանգիստ մտնելու եմ դատարան:
Բայց տեսեք Գյումրու շտապ օգնության կայանից հայտնել էին, որ չգիտեն այդ մեխանիզմը ինչպես կիրառել գրանցված զանգերի մասով:
Մենք բոլորս օգտվում ենք նույն ծրագրից, հիմա իրականում այնպես չէ, որ ծրագրային ապահովումը կա, որ ում եկավ անխոչընդոտ աշխատում է, մենք պետք է ֆիզիկապես չարչարվենք անենք: Կա կառավարության որոշում, որը հունվարի 1-ից գործում է, եթե կա ծրագրային խնդիր, դա չգիտեմ ծրագրավորողների խնդիրն է, կամ պատկան մարմինների: Դրա համար մեր վիճակագրության բաժինը չարչարվում ու տվյալների բազա է հավաքում, որ 8-ից ավել զանգերը գրանցվեն: Ամեն դեպքում աշխատում ենք, որ այդ խնդիրները կարգավորվեն:
Irakanum.am