Շաբաթ գիշերվանից սկսած Իրանում իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Այս պահին Իրանում բողոքի ակցիաներ և հանրահավաքներ չկան. վերջին չորս օրվա ընթացքում ակցիաներ չեն անցկացվում, եթե հաշվի չառնենք իրանական հասարակության մեջ համերաշխության և հանդուրժողականությանն աջակցող միջոցառումները։ Մարդիկ հասկացան, որ բողոքի ակցիաները հանգեցրել են բախումների, որոնք հրահրվել են ահաբեկիչների կողմից», - ընդգծել է դեսպանը։
Նա տեղեկացրել է, որ կան ձերբակալվածներ, որոնք խոստովանական ցուցմունքներ են տվել։
Շիրգոլամին նշել է, որ Իրանի ներքին գործերին ցանկացած միջամտություն արժանի է դատապարտման։
Ըստ նրա տվյալների՝ ԱՄՆ-ում սիոնիստները փորձել են համոզել Թրամփին հարձակում գործել Իրանի վրա և շեղել Իրանի կառավարության ուշադրությունը, որպեսզի իրենց կողմից աջակցվող տարրերը կարողանան Իրանի ներսում զարգացնել իրենց գործողությունները։
«Մենք ասել ենք, որ պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստ ենք համաչափ պատասխանի՝ մեր երկրի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում։ Հուսով եմ, որ Թրամփը չի դառնա ռադիկալների խմբի գաղափարների զոհը», - հավելել է դիվանագետը։