Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ – ին 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը:
Ձեռք է բերվել նաև գերհամակարգիչ, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025 թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։