Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցերի կորպուսից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումն իմ հացադուլի ընթացքն ապահովելու համար պատժախուց տեղափոխելու մասին շատերի մոտ անհանգստություն է առաջացրել։
Այդ առթիվ ուզում եմ բոլորին ասել, որ ինձ համար ավելի պատվաբեր է այդ՝ օրենքով չնախատեսված պայմաններում անցկացնել հացադուլը։ Այս իշխանությունների կողմից իմ դեմ արված յուրաքանչյուր հաջորդ քայլ իր բնույթով ավելի քստմնելի, ավելի ճղճիմ և իրենց վախերն ավելի ի ցույց դնող է։ Բայց սրանք չեն գիտակցում, որ ամեն հաջորդ քայլից հետո ես ինձ ավելի ուժեղ եմ զգում և ավելի եմ համոզվում ընտրածս ճանապարհի ճշմարտացիության մեջ։
Կարդացի նաև ՔԿԾ-ի կողմից տրված մեկնաբանությունը և մի խոսքով ուզում եմ ասել, որ ճիշտ չէ, որ
պատժախցերի կորպուսի խցերն իրենց պայմաններով չեն տարբերվում մյուս խցերից։ Ես չեմ բողոքում որևէ պայմանից, ինձ համար անգամ 4 քմ խցում լինելն ավելի մեծ ազատություն է, քան սրանցից յուրաքանչյուրի իշխանական առօրյան։ Այնպես որ, սիրելի մարդիկ, ինձ համար հանգիստ եղեք, առողջությունից չեմ բողոքում, կամքս տեղն է, վճռականությունս՝ անսասան, իսկ ուղղակի գերության հետ համակերպվելը՝ անհնարին։
Հացադուլ հայտարարելու որոշման պահից այս հակաժողովրդավարական ռեժիմի ոչ մի գործողություն այլևս ինձ համար որևէ զարմանք կամ առավել ևս վախ չի կարող ներկայացնել։
Լավ մնացեք։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ !!!
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Կալանքի 60-րդ օր
«Արմավիր» ՔԿՀ, 12.01.2026թ.