Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն արդեն իսկ կանխորոշված է։
Ֆիդանի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ–օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է։ Այս համատեքստում խաղաղության խրախուսումը հավասար միջնորդություն չէ, այլ պարտադրված օրակարգ՝ ուղղված պարտվող կողմին։ Միաժամանակ, Ադրբեջանի «կարևորումը» վկայում է, որ Վաշինգտոնը նրան դիտարկում է որպես տարածաշրջանային առանցքային դերակատար, որի հետ ձևավորվում են ռազմավարական պայմանավորվածություններ։
Այս մոտեցումը հատկապես խոսուն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների լույսի ներքո։ Ֆիդանի հայտարարություններից հետևում է, որ այդ օրակարգը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստան–ԱՄՆ փոխգործակցության արդյունք, այլ որպես ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։ Ավելին, Թուրքիան այդ գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ներգրավված և շահագրգիռ կողմ։
Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆիդանի այն միտքը, ըստ որի՝ Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակների հետ՝ Ռուսաստանում, Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում, Սիրիայում և այլ ուղղություններով։ Սա բաց տեքստով հայտարարություն է այն մասին, որ Անկարան իրեն ընկալում է որպես արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան շահերի գործառնական օպերատոր տարածաշրջանում։
Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձևավորում սեփական անմիջական անվտանգության համակարգ, այլ ապավինում է Թուրքիայի և Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող քաղաքական, ռազմական և լոգիստիկ ռեսուրսներին։
Սա «բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է։ Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր՝ օգտագործելով Ադրբեջանի ռազմական և էներգետիկ ներուժը՝ Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և սեփական (և արևմտյան) շահերը առաջ մղելու համար։ Հայաստանի համար սա նշանակում է, որ առկա «խաղաղության պատուհանը» բացվում է ոչ հավասարակշռված բանակցությունների, այլ քաղաքական ճնշման պայմաններում։
Այս տրամաբանության մեջ առավել մտահոգիչ է այն հետևությունը, որը բխում է Ռուսաստանի անվտանգային համակարգից Հայաստանի հրաժարվելու քաղաքականությունից։ Ֆիդանի խոսքը հստակ ցույց է տալիս, որ այդ հրաժարումը չի հանգեցնում Հայաստանի ինտեգրմանը արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Ընդհակառակը, այն բացում է ճանապարհ Հայաստանի ներառման համար թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գործող, արևմտյան շահերին սպասարկող մոդելի մեջ, որտեղ ինքնիշխանության աստիճանը նվազագույն է, իսկ քաղաքական ընտրության հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։
Այդ համատեքստում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես ռազմավարական շահերի ճարտարապետ, Թուրքիան՝ որպես գործառնական օպերատոր, Ադրբեջանը՝ որպես առաջնային գործընկեր, իսկ Հայաստանը՝ որպես ճնշման ենթակա օբյեկտ, որից պահանջվում է «խաղաղություն»՝ առանց համարժեք անվտանգության, սուբյեկտության և երկարաժամկետ երաշխիքների։
Այս պայմաններում «խաղաղության օրակարգը» վերածվում է մի մոդելի, որտեղ ուժային բալանսի բացակայությունը փոխհատուցվում է քաղաքական պարտադրանքով։ Ֆիդանի խոսքը պարզապես արձանագրում է այդ իրողությունը՝ առանց դիվանագիտական քողարկման»,- գրել է նա: