AntiFake.am-ի քաղաքական կոչը՝ ընդդիմադիր ուժերին, մեդիագործիչներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ կողմերին.
«Այսօր՝ հունվարի 10-ին, AntiFake.am-ի թիմն ակցիա իրականացրեց Ազատության հրապարակում, որի ընթացքում անդրադարձավ 2026 թվականի հունվարի 9-ին փաշինյանական ռեժիմին կցորդ հանդիսացող դատարանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշմանը, ինչպես նաև Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարած անժամկետ հացադուլին։
AntiFake.am-ի թիմը ներկայացրեց գործողությունների նախնական ծրագիր՝ ռեժիմի ապօրինությունների, խոսքի ազատության դեմ ոտնձգությունների և ապօրինի կալանավորումների դեմ պայքարի շրջանակում և հանդես եկավ քաղաքական կոչով՝ ուղղված տարբեր կառույցներին և դերակատարներին։
Մասնավորապես արձանագրվեց, որ դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը որևէ կապ չունի իրավունքի, արդարադատության կամ օրինականության հետ։ Այն մաքուր քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ազատ խոսքի, անկախ մեդիայի և իշխանության քննադատության դեմ։
Դատարանի դահլիճում, այդ բացահայտ խայտառակությունից հետո, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ՝ որպես վերջին միջոց՝ իր հանդեպ իրականացվող ակնհայտ ապօրինությանը դիմակայելու համար։ Այս քայլը հուզական պոռթկում չէ։ Սա գիտակցված քաղաքական արարք է՝ ուղղված համակարգային անարդարությունը բացահայտելուն և դրան վերջ տալուն։
Նարեկ Սամսոնյանը, ընտրելով պայքարի այս ծայրահեղ ձևը, ըստ էության դիմում է անձնազոհության։ Նրա կյանքի և առողջության համար ստեղծված անմիջական վտանգի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները և նրանց սպասարկող դատական համակարգը։ Եվ այս փուլում լռությունն այլևս չի կարող ընկալվել որպես չեզոքություն։
Այս համատեքստում մենք կոչ ենք անում․
Ընդդիմադիր քաղաքական ուժերին ՝ անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլին, դադարեցնել մասնատվածությունն ու ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ ուղղված հացադուլի դադարեցմանը իրավական արդյունքի հասնելու միջոցով, քաղբանտարկյալների ազատությանը և ռեժիմի կողմից իրականացվող համատարած բռնաճնշումներին դիմակայելուն։
Մեդիագործիչներին և անկախ լրագրողներին՝ հացադուլը դիտարկել ոչ թե որպես երկրորդական իրադարձություն, այլ որպես մարդու կյանքի համար անմիջական սպառնալիք, չլռել, ապահովել շարունակական, ընդգծված և պատասխանատու լուսաբանում՝ իշխանական ապօրինությունների նկատմամբ հանրային ճնշում ձևավորելու համար։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և իրավապաշտպան կառույցներին՝
անհապաղ գործարկել արձագանքման մեխանիզմներ՝ հացադուլի փաստի իրավական արձանագրում, միջազգային կառույցներին հաղորդումներ, հրապարակային հայտարարություններ և ճնշման գործիքներ՝ ուղղված Նարեկ Սամսոնյանի կյանքի և առողջության պաշտպանությանը։
Շահագրգիռ այլ կողմերին՝ դադարեցնել դիտորդի դիրքը և հստակ արձանագրել, որ այս հացադուլը ոչ թե անհատական բողոք է, այլ քաղաքական բռնաճնշումների հետևանքով առաջացած ծայրահեղ իրավիճակ, որի հնարավոր ծանր հետևանքների պատասխանատվությունը կրում է գործող ռեժիմը։
Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք դառնալ այն բաց և գործունակ հարթակը,
այն քաղաքական և հասարակական համախմբման կենտրոնը, որը կգործի Նարեկ Սամսոնյանի հացադուլի շուրջ արդյունքի հասնելու, նրա կյանքի և առողջության պաշտպանության, քաղբանտարկյալների ազատության, խոսքի ազատության պաշտպանության և ռեժիմի կողմից իրականացվող համակարգային բռնաճնշումներին դիմակայելու նպատակով։
Ակնկալում ենք աջակցություն և բաց ենք առարկայական քննարկումների համար։
Պայքարը չի կարող լինել մեկուսի։
Պայքարը պահանջում է համախմբում։
Եվ այս պահին՝ պահանջում է անհապաղ գործողություն»։