Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։ «Ազատության» հետ զրույցում երիտասարդ դահուկորդը պատմել է՝ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը, որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։
«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է: Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց, մրցույթից հետո կանչեցին իրենց սենյակ, մենք խոսեցինք, ես պատճառաբանեցի, թե ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապավենը, նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն», - պատմել է դահուկորդ Միքայել Միքայելյանը:
«Ազատությունը»-ից հայտնում են, որ հայ մարզիկները կարող են կրկին նման իրավիճակում հայտնվել։
Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունն անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ և հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաև մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում՝ երկրի անունը։ Իսկ սա նշանակում է, որ նման իրավիճակում հայ սպորտսմենները նորից կարող են հայտնվել։
«Մենք տարեկան ունենք մոտ 20 մրցում ու Աշխարհի գավաթի խաղարկություններում հովանավորները հիմնականում նույնն են և նմանապես նույն ձև կարող է լինել նաև «Ադրբեջան» գրվածք: Ժյուրին խնդրեց, որ հետագայում նման քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող», - «Ազատության» հետ զրույցում ասել է հայ դահուկորդը:
Սպորտը քաղաքականությունից պետք է տարանջատել,- ընդունում է 26-ամյա դահուկորդը, բայց ավելացնում՝ ամեն սպորտսմեն իր երկրի անունը պետք է կրի՝ թե՛ սրտում, թե՛ հագուստի վրա։
Դահուկորդ Միքայել Միքայելյանի խոսքով. «Այն երկիրը, որն ագրեսիվորեն է տրամադրված իմ հայրենիքի նկատմամբ, ես չեմ կարող մտածել, թե սա քաղաքականությունից դուրս է և չփակելով այդ երկրի անունը դուրս գամ մրցումի: Հուսով եմ՝ պատերազմներ էլ չեն լինելու, սակայն դեռ ամեն ինչ պարզ չէ, հետևաբար ժապավենով փակելու եմ»:
Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայելը հետագայում այս արարքը կրկնելու դեպքում ավելի շատ կարող է տուգանվել, բայց չի որակզրկվի։ Այս մասին Ֆբ-յան տեսաուղերձով Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն է հայտարարել։ Ֆեդերացիան ողջունել է մարզիկի որոշումը, պատրաստ է վճարել տուգանքը։
«Տուգանքի չափն իմանալուն պես ես կտեղեկացնեմ բոլորին, քանի որ բոլորին է դա հետաքրքիր», - ասել է Գագիկ Սարգսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։