00:00:00

Ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու. Արագածոտնի թեմի առաջնորդ

23:59, 05 հունվար 2026 Քաղաքականություն

 

 

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։
Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։
 
Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։
 
Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։
 
Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։
 
Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։
 
Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։
 
Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։
 
Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։
 
Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
 
Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ
Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր