00:00:00

«Վերածնունդ» թաղամասը՝ ճգնաժամի առջև «Իննովա մենեջմենթի» դատական գործի պատճառով

12:23, 30 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

   Մոնթե Մելքոնյան հասցեում կառուցված, 7 շենքերից բաղկացած թաղամասի նախկին կառավարիչ «Իննովա մենեջմենթը» դատի է տվել թաղամասի համատիրությանը: Պահանջում է մոտ 13 միլիոն դրամ վճարել, իր ձևակերպմամբ, կատարած աշխատանքների համար: Սակայն «Վերածնունդի» համատիրությունը հրաժարվում է վճարել արդեն նախկին կառավարչին, պնդելով, որ Իննովան չի վաստակել այդ գումարը:  

Ամռանն էր «Իննովա մենեջմենթը» տեղեկացրել, որ պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը թաղամասի հետ և դրանից հետո՝  օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թաղամասը վերածել էր  աղբանոցի, կրճատել էր մաքրող աշխատակազմին, ինչի հետևանքով ամենօրյա մաքրություն գրեթե չէր կատարվում: Սա հարուցել էր բնակիչների  դժգոհությունը, ինչից հետո էլ համատիրությունը երկար քննարկումներից հետո որոշում էր կայացրել «Իննովա մենեջմենթին» չվճարել:   Թեև «Իննովա մենեջմենթը» պնդում է, որ օգոստոսին որևէ գրավոր բողոք կամ դժգոհություն չի ստացել համատիրությունից, բայց նաև չի ընդգծում, որ բնակիչներն ամեն օր տարբեր հարթակներով դժգոհել են կեղտոտ մուտքերից ու հարկաբաժիններից:  

  «Իննովան» նաև ընդգծում է, թե համատիրության վերստուգիչի անդամները դեմ են եղել իրեն չվճարելուն: Մինչդեռ ակտիվ բնակիչների հետ քննարկումների արդյունքում, ի վերջո, վարչությունը որոշել է չվճարել «Իննովա մենեջմենթին»:     Այժմ քաղաքացիական դատարանն է քննում այս գործը: Դատավոր Դանիել  Մխեյանը բավարարել է նախկին կառավարչի խնդրանքն ու արգելանքի տակ դրել համատիրության հաշիվը:  Ըստ «Իննովա մենեջմենթի», եթե իրենց հայցը օրինական չլիներ, դատարանն արգելանքի տակ չէր դնի համատիրության հաշիվը: Մինչդեռ դատարանը դեռևս դատաքննություն չի անցկացրել, բողոքն ըստ էության դեռ չի քննել, և նման եզրահանգման գալիս է դատաքննության ավարտին միայն:      

Ընկերությունը նաև պնդում է, թե ներկայիս կառավարչի գործունեության երեք ամիսների ընթացքում համատիրության բյուջեն ունեցել է շուրջ 42.5 մլն դրամի հավաքագրման պոտենցիալ, և խնդիրը ոչ թե միջոցների բացակայությունն է, այլ՝ բյուջեի հնարավորությունների անարդյունավետ կառավարումը ներկա կառավարչի կողմից, որը թաղամասի բնակիչ է ու ակտիվ բնակիչների հետ միասին դեմ էր այս ընկերությանը չկատարած աշխատանքների համար վճարելուն։    

Ընդ որում, բնակիչների մասը դադարեցրել էր վճարումները՝ բողոքելով «Իննովա մենեջմենթի» աշխատանքից:   «Իննովա մենեջմենթն» իր պատասխան նամակում այդպես էլ չի հստակեցնում՝ ի վերջո՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր պարտավորութունները կատարե՞լ է ամբողջությամբ, թե՞, այնուամենայնիվ, թերացումներով է աշխատել: Նշում է միայն, որ արդարացի է իր բողոքը:    

Այս իրավիճակում հստակ է՝ համատիրությունը չի կարողանում տնօրինել իր սեփական գումարն ու վճարել նոր կառավարչին մաքրության, վերելակների անխափան սպասարկման, էլեկտրականության և  թաղամասի բնականոն գործունեությունն ապահովող մյուս աշխատանքների համար: Դատավարությունը կարող է ձգվել ամիսներ, ընդհուպ՝ տարի, ինչի դեպքում կտուժեն թաղամասն ու մոտ 3000 բնակիչները:   Ի դեպ, երբ բնակիչները տեղեկացան, որ համատիրության հաշվեհամարը արգելանքի տակ է, երկու օրում այս պահի դրությամբ վեց միլիոն դրամ հավաքեցին, որ թաղամասը չտուժի:   

irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր