Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտել է, որ ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ:
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք֊ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը:
Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք֊ադրբեջանական տանդեմի համար:
Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):
2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով:
Այս համատեքստում պետք է հիշենք, մի քանի կարևոր թեզ՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ, որը ցանկանում է Եկեղեցին բարեփոխել: Այդ բարեփոխումները չեն նկատվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտներում, այդ թվում՝ երկրի անվտանգության համակարգն ամրացնելու, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելու հարցերում․
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նախաձեռնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթաց: Վերջինիս անմիջական հովանավորությամբ զավթել են Հովհաննավանքը, փորձ են անում զավթել Թալինի Ս․ Աստվածածին Եկեղեցին, հոգևորականներին ստիպում են խախտելու Սուրբ և Անմահ Պատարագի ընթացակարգը՝ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակումը, դրանով իսկ խախտելով նվիրապետական կարգը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՂԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ և բախումների համար պայմաններ ստեղծել: 2025թ․ դեկտեմբերի 18-ին ոստիկանության ծառայողների պաշտպանությամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խուլիգանական արարքներով Մայր Տաճարում խանգարել են կրոնական ծեսի իրականացմանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է նաև Մայր Տաճարում պղծություն կատարելը, ինչը չի կարող անհետևանք անցնել:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությունն ազդարարող Սահմանադրությունից և Հայաստանի օրենքներից բխում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի բացառիկ իրավունքներ: Իշխանության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ գլուխը հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ապօրինի քրեական հետապնդումների միջոցով մեկուսացնելու փորձը ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
Եկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ «ՄԻՋՆԱԲԵՐԴ» ՀԱՐԹԱԿՈՒՄ՝
https://www.facebook.com/profile.php?id=61581809931857
Հ․Գ․ 1 Մեզ միանալու համար կարող եք գրել այդ հարթակի կամ անձնական նամակի միջոցով:
Հ․Գ․ 2 Ժողովուրդը պարտավոր է իր Սրբությունները պաշտպանել»,- նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը: