Ավարտվել է 2025 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացը։
«Թափանցիկ ձեռք 2025» մրցանակն, ավանդույթի համաձայն, հանձնվել է 2025 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։
Արման Հովհաննիսյանը դարձել է «Թափանցիկ ձեռք» հուշանվերի եռակի մրցանակակիր։
«Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց դատավոր Հովհաննիսյանին՝ նշելով. «ՀՀ փաստաբանների կողմից 3-րդ անգամ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորի հորիզոնականը զբաղեցնելը խոսում է Ձեր պրոֆեսիոնալիզմի, սկզբունքայնության և անկախության մասին։ HelpCourt համակարգը շնորհավորում է Ձեզ և ձեր աշխատակազմին հերթական անգամ փայլուն հաղթանակի կապակցությամբ»:
Պարոն Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշեց. «Արդեն երրորդ անգամ համախմբված ու արժանապատիվ փաստաբանական համայնքի կողմից այս մրցանակը ստանալը, ինչ խոսք, պարտավորեցնող է։ Ստանդարտ խոստումներ չեմ տալու։ Աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ՝ անկախ, անաչառ, դատավորի ներքին համոզմունքով ու օրենքի տառին համապատասխան։ Միայն այդ դեպքում խիղճդ կարող է հանգիստ լինել։
Շնորհակալ եմ գնահատականի համար. այն ևս մեկ անգամ ապացուցում է՝ Հայաստանում անկախ դատական համակարգի լիարժեք կայացումն այլընտրանք չունի։
Կրկին առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում աշխատակազմիս՝ իմ կողքին լինելու համար։»:
Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:
Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:
Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:
Դատավորների 2025 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված»,- ասվում է հաղորդագրությունում։