00:00:00

Զախարովան խոսել է Սամվել Կարապետյանի ու «ՀԷՑ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

20:50, 25 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման շուրջ ստեղծված իրավիճակը։

Նա նշել է, որ այդ թեմայով հարց կարելի է ուղղել նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։

«Չե՞ք ուզում նույն հարցը տալ Կայա Կալլասին, որն այժմ Հայաստանին սովորեցնում է՝ ինչպես ապրել։ Ինչպես է նա վերաբերվում Սամվել Կարապետյանի կալանքին։ Ոչ, բայց կարծում եմ՝ շատ տեղին կլինի այս թեմայի վերաբերյալ նրա կարծիքը լսելը։ Եթե նա գիտի Հայաստանը բարելավելու ձևերը, այդ հարցն էլ կմեկնաբանի։ Չէ, իրոք, դուք որոշ տեղեկություններ ուղարկեք այն մասին, թե ով է Սամվել Կարապետյանը և որքան շատ բան է նա արել Հայաստանի համար՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և գործարար։ Թող նա փորձի պատասխանել այդ հարցին։ Իսկ ես անպայման կպատասխանեմ»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է։

«Մենք այս գործունեությունն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետությունների օրենքներն ու ինքնիշխանությանը հաշվի առնելով։ Այդ առումով Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով, և շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը և նրա օրինական իրավունքների պահպանմանը։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում, բարձրացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը, առաջարկում ենք համատեղ փնտրել իրավիճակի կարգավորման ելքեր, որոնք հաշվի կառնեն հանրապետության և ռուսաստանցի գործարարի շահերը։

Մենք այդ հարցը բարձրացնում ենք, ինչպես հասկանում եք, ոչ թե նախաձեռնողականորեն, այլ հայտարարում ենք, որ այս հարցը բարձրացրել է հայկական կողմը և, համապատասխանաբար, ակտիվորեն քննարկում է։ Մենք ևս ասելիք ունենք այդ հարցի վերաբերյալ։ Դուք հավանաբար գիտեք դրա մասին, բայց եթե ոչ, ես կպատմեմ։ Այս միջավայրում այլ գործարարներ՝ թե՛ ռուսաստանցի, թե՛ արտասահմանցի գործարարները, զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս»,-նշել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր